«13» մայիսի 2015 թ.                                                                                                        ԻՎ-ե-46

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-765-20.04.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Թեւան Պողոսյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված «6-րդ մասում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «7-րդ մասում» բառերով՝ նկատի ունենալով այն, որ փոփոխություն է կատարվում «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի ոչ թե 6-րդ, այլ 7-րդ մասում:

2. Նախագծի 5-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովն ըստ հանրաքվեի տեղամասերի՝ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների տվյալների հիման վրա հրապարակում է հանրաքվեի նախնական արդյունքները, ինչը չի բխում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 74-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում է ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Իսկ համապետական ընտրությունների դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը աղյուսակավորում է քվեարկության արդյունքները՝ ըստ ընտրական տեղամասերի: Այդ առումով առաջարկում ենք նշված մասը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 74-րդ հոդվածի պահանջներին:

3.Նախագծի 11-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝ «Միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին եւ օտարերկրյա հասարակական կազմակերպություններին» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Միջազգային կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններին եւ օտարերկրյա հասարակական կազմակերպություններին» բառերով՝ նկատի ունենալով ՀՀ ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

4. Նախագծի 13-րդ հոդվածով, որով համապատասխան լրացումներ են կատարվում Օրենքի գործող՝ 25-րդ հոդվածում, նախատեսվում են դրույթներ քվեարկության ծրարի վերաբերյալ, մինչդեռ Նախագծով կարգավորված չեն քվեարկության ծրարը կնքելու հետ կապված հարաբերությունները: Այդ առումով ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածը նույնպես կարգավորում է քվեարկության ծրարը կնքելու հետ կապված հարաբերությունները, ուստի «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխանեցնելու տեսանկյունից առաջարկում ենք կարգավորել նաեւ նշված հարաբերությունները՝ Նախագծում նախատեսելով դրույթներ քվերկության ծրարը կնքելու վերաբերյալ:

5. Նախագծի 14-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «ընտրական» բառն անհրաժեշտ է փոխարինել «տեղամասային» բառով՝ նկատի ունենալով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջները:

6. Նախագծի 14-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածը պատիժ է նախատեսում հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելու կամ ընտրությունների արդյունքները, այդ թվում` արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը եւ դրանց քաղվածքները ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու, քվեատուփ հափշտակելու, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելու, մուտքագրված տվյալները փոփոխելու, ինչպես նաեւ որեւէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու կամ այդ նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելու համար: Գտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածո վ նախատեսված՝ նշված արարքները նույնպես կարող են ազդել հանրաքվեի արդյունքների վրա, մինչդեռ Նախագծի 14-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի համաձայն՝ հանրաքվեի արդյունքների վրա կարող են ազդել միայն «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ ընտրական օրենսգրքի խախտումները: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում նշված «սույն օրենքի եւ ընտրական օրենսգրքի» բառերը փոխարինել «օրենքի» բառով: Նման պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված արարքներ կատարելը նույնպես կհանդիսանա այնպիսի «խախտում», որը կարող է ազդել հանրաքվեի արդյունքների վրա, իսկ նշված արարքները կատարելը հիմք կհանդիսանա վերաքվեարկություն անցկացնելու կամ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու համար:

7. Նախագծի 14-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 35-րդ հոդվածի 7-րդ մասը հակասում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասին: Այսպես՝ Նախագծի նշված դրույթի համաձայն՝ հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով դիմում սահմանադրական դատարան կարող է ներկայացվել հանրաքվեի արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ մինչեւ 5-րդ օրը, ժամը 18.00-ն, մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչեւ ժամը 18.00-ն, ինչից բխում է, որ հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան դիմում է ներկայացվում արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, ոչ թե մինչեւ 5-րդ օրը:

Բացի այդ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասն արդեն իսկ կարգավորում է հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան դիմելու հետ կապված հարաբերությունները, ուստի առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 35-րդ հոդվածի 7-րդ մասը հանել: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն՝ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                    Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան