22» մայիսի2015 թ.                                                                                                      ԻՎ-ե-57

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դեղերի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-770-27.04.2015-ԱՄ-010/0), ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7701 -27.04.2015-ԱՄ-010/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7702 -27.04.2015-ԱՄ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելումասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7703 -27.04.2015-ԱՄ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7704 -27.04.2015-ԱՄ-010/0), ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7705 -27.04.2015-ԱՄ-010/0), ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7706 -27.04.2015-ԱՄ-010/0) եւ ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7707 -27.04.2015-ԱՄ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դեղերի մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելումասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 1-ին մասի 44-րդ կետի համաձայն՝ դեղատնային գործունեություն է հանդիսանում նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմանների դեպքում՝ դեղերի պատրաստումը կամ առաքումը: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ եթե ՀՀ օրենսդրությամբ դեղատների համար սահմանվելու են այնպիսի պայմաններ, որոնցով պարտականություններ են սահմանվելու դեղատների (իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի) համար, ապա Նախագծի նշված դրույթը կհակասի ՀՀ Սահամանդրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, որոնց համաձայն՝ բ ացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները:

2. Նախագծի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ փոխհատուցվող դեղերի գների կարգավորման հետ կապված հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելուց հետո ոչ շուտ, քան երեք ամիս հետո, մինչդեռ նույն հոդվածի 5-րդ մասում, որը վերաբերում է հանձնաժողովի լիազորություններին, փոխհատուցվող դեղերի գների կարգավորման հետ կապված հանձնաժողովի որոշում ընդունելու լիազորության մասին դրույթներ նախատեսված չեն: Բացի այդ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում, որտեղ սպառիչ նշված են նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն ունեցող մարմինները, հանձնաժողովը նշված չէ, որպես նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն ունեցող մարմին, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական այլ մարմինները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ստորաբաժանումները, ինչպես նաեւ պետական եւ համայնքային հիմնարկներն ու իրավաբանական անձինք նորմատիվ իրավական ակտեր չեն կարող ընդունել: Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ եթե հանձնաժողովը փոխհատուցվող դեղերի գների կարգավորման հետ կապված ընդունելու է նորմատիվ որոշումներ, ապա անհրաժեշտ է լրացում կատարել նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածում, հակառակ դեպքում կստացվի, որ Հանձնաժողովը, չունենալով նորմատիվ իրավական ակտ ընդունելու՝ օրենքով սահմանված լիազորություն, ընդունելու է դեղերի գների կարգավորման հետ կապված նորմատիվ որոշումներ, ինչը կհակասի ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

3. Նախագծի 21-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ դեղերի զուգահեռ ներմուծման մերժման դեպքերը սահմանում է ՀՀ կառավարությունը: Դա նշանակում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվելու են դեղերի զուգահեռ ներմուծման մերժման հիմքերը, իսկ այդ հիմքերի առկայության դեպքում ՀՀ կառավարության որոշման հիման վրա սահմանափակվելու են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ դեղեր ներմուծելու իրավունքը: Կարծում ենք, որ դեղերի զուգահեռ ներմուծման մերժման դեպքերը անհրաժեշտ է նախատեսել օրենքում՝ նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, որոնց համաձայն՝ բ ացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները:

4. Նախագծի 25-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ անասնաբուժական դեղատների գործունեությանը ներկայացվող պահանջները սահմանում է ՀՀ կառավարությունը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ եթե ՀՀ կառավարության որոշմամբ անասնաբուժական դեղատների համար սահմանվելու են այնպիսի պայմաններ, որոնցով պարտականություններ են սահմանվելու անասնաբուժական դեղատների (իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի) համար, ապա Նախագծի նշված դրույթը կհակասի ՀՀ Սահամանդրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, որոնց համաձայն՝ բ ացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

5. Նախագծի 14-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ կլինիկական փորձարկումը դադարեցվում է, եթե խախտվում են բժշկական էթիկայի նորմերը, մինչդեռ պարզ չէ, թե ինչ բժշկական էթիկայի նորմերի մասին է խոսքը եւ հիշյալ նորմերն ինչ իրավական ակտով են հաստատվում:

6. Նախագծի 16-րդ հոդվածի 18-րդ մասում պարզ չէ, թե գրանցման հավաստագիրն ինչ ժամկետում է տրվելու: Նույն հոդվածի 22-րդ մասում պարզ չէ նաեւ, թե հավաստագրի իրավատերն ինչ ժամկետում է լիազոր մարմնին գրավոր հայտնելու արտադրանքի անվտանգության արդյունավետության եւ դրա որակի փոփոխության կամ արտադրանքի կիրառման արգելքի կամ սահմանափակման մասին:

7. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 280.1-ին հոդվածը պատասխանատվություն է նախատեսում դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելու կամ թաքցնելու համար: Այդ հոդվածը որպես նշված արարքի կատարման ծանրացնող հանգամանքերի՝ պատասխանատվություն է նախատեսում նաեւ նշված արարքի այնպիսի կատարման համար, որն անզգուշությամբ միջին կամ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը, անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ երկու կամ ավելի անձանց մահ: Այս առումով նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ եւ 121-րդ հոդվածները քրեական պատասխանատվություն են նախատեսում համապատասխանաբար անզգուշությամբ առողջությանը ծանր եւ միջին վնաս պատճառելու, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածը՝ անզգուշությամբ մահ պատճառելու համար: Հետեւաբար Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող ՀՀ քրեական օրենսգրքի 208.1-ին հոդվածի 1-ին մասի երկրորդ եւ երրորդ պարբերությունների, 2-4-րդ մասերի նորմատիվ անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ դրանցով նախատեսված արարքների համար արդեն իսկ նախատեսված է քրեական պատասանատվություն: Դրանք ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ, 120-րդ եւ 121-րդ հոդվածներով նախատեսված արարքների մասնավոր տարբերակներ են, ուստի Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող ՀՀ քրեական օրենսգրքի 208.1-ին հոդվածի 1-ին մասի երկրորդ եւ երրորդ պարբերությունները, 2-4-րդ մասերն առաջարկում ենք հանել:

Հակառակ պարագայում նշված փոփոխությունների՝ ՀՀ քրեական օրենսգրքում ընդունումն անհիմն կերպով ծանրաբեռնում է այն, ինչը տեսական առումով հիմնավորված չէ: Եթե նախագծի նպատակն այդ արարքների համար քրեական պատասխանատվության խստացումն է, ապա նշվածը պետք է կատարվի ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքում առանձին հոդվածներ նախատեսելով, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ, 120-րդ եւ 121-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար պատասխանատվությունը խստացնելով:

Նշված առաջարկության չընդունման դեպքում առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող ՀՀ քրեական օրենսգրքի 208.1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի «նույն արարքը» եւ 4-րդ մասի «սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված» բառերը փոխարինել «սույն հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ նախատեսված» բառերով, քանի որ այդ դեպքում հստակեցվում է, որ խոսքը վերաբերում է հենց 208.1-ին հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությամբ նախատեսված արարքին՝ դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելուն կամ թաքցնելուն:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                        Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան