«15» մայիսի2015 թ.                                                                                          ԻՎ-ե-49

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-773-04.05.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Նաիրա Զոհրաբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող` «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր տարի մինչեւ հոկտեմբերի 1-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀՀ Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության տարեկան ծրագիրը, սակայն ո՛չ նշված օրենքով, ո՛չ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով չի սահմանվում տվյալ ծրագրի հրապարակումից հետո վերջինիս հետագա ընթացքը, մասնավորապես` պարզ չէ, թե արդյոք ծրագիրը հրապարակելուց հետո ՀՀ Ազգային ժողովը հաստատում է այն:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ներկայացված օրենքի նախագծի հիմնավորման համաձայն` նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովում հանձնաժողովի հաշվետվողականության եւ օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթների արդյունավետության բարելավմամբ, առաջարկում ենք դիտարկել նաեւ հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագրի նկատմամբ ՀՀ Ազգային ժողովի վերահսկողության հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը:

Հանձնաժողովի գործառույթների նկատմամբ ՀՀ Ազգային ժողովի վերահսկողական գործառույթների արդյունավետության բարելավման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, գործելով օրենքով իրեն վերապահված լիազորությունների հիման վրա, համարվում է ինքնուրույն մարմին` իր իրավասությունների շրջանակում` Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:

2. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող` Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանձնաժողովը յուրաքանչյուր տարի մինչեւ մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, սակայն նախագծում չի սահմանվում, թե ինչպես կամ որտեղ է այն հրապարակվում: Գործող օրենքում նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը հրապարակվում է մամուլում: Առաջարկում ենք Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 14-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել համապատասխան լրացում` հստակեցնելով հրապարակման վայրը կամ մեթոդը:

3. Առաջարկում ենք համապատասխանեցնել Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող` Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում օրենսդիր մարմնի անվանումը, մասնավորապես` 1-ին մասում հղում է կատարվում «Ազգային ժողով», իսկ 3-րդ մասում` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով» անվանմանը:

4. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջը, համաձայն որի` արգելվում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումների կրճատումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսվածների, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրությամբ մեծամասամբ օգտագործվում է «Ազգային ժողով» անվանումը, առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություն:

5. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների եւ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածի ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:

Ելնելով վերագրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 14-րդ հոդվածը բաժանել երկու մասերի, ընդ որում՝ «Հանձնաժողովը» բառից առաջ դնել «1.» թիվը, Նախագծի 1-ին հոդվածի «1.» թիվը դարձնել «1)», «2» թիվը՝ «2)», «3» թիվը՝ «3)», իսկ «4.» թիվը՝ «2.»: Առաջարկում ենք նաեւ Նախագծի բոլոր կետերը դարձնել ենթակետեր եւ համարակալել հայերենի այբուբենի փոքրատառերով՝ նշված համարները տեքստից բաժանելով միջակետով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                             Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ք . Խանազադյան