«29» մայիսի 2015 թ.                                                                                                      ԻՎ-ե-63

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-784-13.05.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 89-րդ հոդվածը լրացնել 1.2-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«1.2. Անհրաժեշտության դեպքում գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ աշխատողը կարող է ներկայացնել անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք իր նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:»:

Նախագծում օգտագործվել է «անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի տեղեկատվական բազա» հասկացությունը: Հարկ ենք համարում նշել, որ սույն թվականի մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-670-03.12.2014,23.02.2015-ՊԻ-010/3 ամբ.), որտեղ սահմանվել է «տվյալների բազա» հասկացությունը: Նախագծում կիրառված հասկացության սահմանումը, որեւէ իրավական ակտում առկա չէ: Եթե այն ունի նույն իմաստը, ինչ վերոգրյալ նախագծում, առաջարկում ենք հասկացությունները նույնացնել:

2. Նախագծի 11-րդ հոդվածով Օրենսգրքի 93-րդ հոդվածում կատարվել է լրացում, որի համաձայն՝ նշված հոդվածը ունենալու է հետեւյալ բովանդակությունը.

«Եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում է փորձաշրջան անցած, կնքված աշխատանքային պայմանագրի գործողությունը շարունակվում է եւ գործատուն կարող է նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծել միայն սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով:»:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են աշխատանքային պայմանագրի լուծման բոլոր հիմքերը: Աշխատանքային պայմանագրի լուծման առանձին հիմք է գործատուի նախաձեռնությամբ այն լուծելու դեպքը, որը բացահայտված է Օրենսգրքի 113-րդ հոդվածում:Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փորձաշրջանի ավարտից հետո գործող աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել 109-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր հիմքերով՝ առաջարկում ենք հոդվածում «գործատուն կարող է նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծել» բառերը փոխարինել «աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել» բառերով:

3. Նախագծի 15-րդ հոդվածի համաձայն՝ Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսվող լրացումիցհետո կստանա հետեւյալ բովանդակությունը.

«Անօրինական է համարվում առանց սույն օրենսգրքով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա կատարվող աշխատանքը:»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները: Ուստի առաջարկում ենք հանել «հիման վրա» բառերը:

4. Նախագծի 16-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասում «դեպքում» բառից հետո լրացնել «, որի մասին գործատուն գրավոր ձեւով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ ՝ մինչեւ նոր պայմանների ուժի մեջ մտնելը»:

Առաջարկում ենք լրացումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ եւ 6-րդ մասերի պահանջներին (պարզություն, հստակություն, մատչելիություն եւ հայոց լեզվի կանոններին համապատասխանություն) եւ այն կատարել հետեւյալ խմբագրությամբ. «, որի մասին գործատուն գրավոր ձեւով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան նոր պայմանների ուժի մեջ մտնելուց մեկ ամիս առաջ:»:

5. Նախագծի 19-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի (սահմանված են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերը) 11-րդ կետը, որը ներկայումս ունի հետեւյալ բովանդակությունը. «աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ», շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ. «վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրում»: Ստացվում է, որ եթե գործող դրույթի համաձայն՝ կենսաթոշակային տարիքը հիմք էր պայմանագիրը լուծելու այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրով այլ բան չէր նախատեսված, ապա նոր կարգավորմամբ հակառակը՝ պայմանագիրը չի լուծվի, եթե նման լուծման հիմք աշխատանքային պայմանագրով սահմանված չէ: Նախագծով առաջարկվող փոփոխությունից հետեւում է, որ այն դեպքում, երբ գործատուն աշխատանքային պայմանգրում չի նշել վաթսունհինգ տարին լրանալու փաստով աշխատանքային պայմանգրի լուծման դեպքը, ապա աշխատանքային պայմանգիրը այս հիմքով չի կարող լուծվել: Նման կարգավորման պայմաններով աշխատանքային պայմանագիր կնքելիս դրա բովանդակության մեջ պետք է սահմանվի նաեւ հետեւյալը. «Եթե աշխատանքային պայմանագիրը լուծվելու է աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, ապա՝ նշում այդ մասին»: Դա ենթադրում է նաեւ համապատասխան լրացում Օրենսգրքի 84-րդ հոդվածում: Միայն այս պարագայում հնարավոր կլինի ապահովել ինչպես գործատուի, այնպես էլ աշխատողի շահերը: Հարկ է նաեւ նշել, որ աշխատողը աշխատանքի կարող էընդունվել ոչ միայն աշխատանքային պայմանագրով այլ նաեւ գործատուի անհատական իրավական ակտով, ուստի՝ վերոնշյալ դեպքը պետք է նշվի նաեւ այդ ակտում:

6. Նախագծի 26-րդ հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենսգրքի 128-րդ հոդվածը: Նոր կարգավորման համաձայն՝ նշված հոդվածը կունենա հետեւյալ տեսքը.

«Հոդված 128. Աշխատանքային պայմանագրի լուծումը ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում.

1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագիրը աշխատողը կարող է միակողմանիորեն լուծել գործատուի մահվան օրվանից` մահվան փաստը գրանցող լիազոր մարմնի տրամադրած փաստաթղթի հիման վրա:

2. Եթե աշխատողը չի լուծում աշխատանքային պայմանագիրը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում, ապա ֆիզիկական անձ գործատուի մահվան օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում նրա հետ կարող է աշխատանքային հարաբերությունները շարունակվել` օրենքով սահմանված կարգով ֆիզիկական անձ գործատուի գույքի հավատարմագրային կառավարիչ հանդիսացող անձի հետ, որն այս դեպքում դառնում է գործատու` աշխատանքային պայմանագրում գործատուի փոփոխմամբ:

3. Եթե չեն շարունակվում աշխատանքային հարաբերությունները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված ֆիզիկական անձ գործատուի մահվան օրվանից` մահվան փաստը գրանցող լիազոր մարմնի տրամադրած փաստաթղթի հիման վրա:»:

Անհրաժեշտ է նշել, որ հոդածի բովանդակությունը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, մասնավորապես՝ հստակ ու մատչելի չէ: Նախ եւ առաջ՝ պարզ չէ, թե նշված 10-օրյա ժամկետը աշխատողի նախաձեռնությամբ պայմանգիրը լուծելու վերջնաժամկետ է, թե 10 օրվա ընթացքում աշխատանքային հարաբերությունները կարող են շարունակվել:

Հաջորդ կարեւոր խնդիրը հավատարմագրային կառավարիչ հանդիսացող անձի կողմից պայմանագիրը լուծելու դեպքն է: Մահացած ֆիզիկական անձի մահից հետո նրա գույքի նկատմամբ հավատարմագրային կառավարում սահմանելը պարտադիր չէ: Այսինքն՝ ոչ բոլոր դեպքերում է որպես գործատու հանդես գալիս հավատարմագրային կառավարիչը: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը միայն մեկ դեպք է սահմանում, երբ նշանակվում է համատարմագրային կառավարում: Նշված օրենսգրքի 1239-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունը պահպանելու եւ կառավարելու միջոցները նոտարը ձեռնարկում է ժառանգի, կտակակատարի, պարտատիրոջ, տեղական ինքնակառավարման մարմնի կամ ժառանգական գույքի պահպանման շահերից հանդես եկող այլ անձանց դիմումի հիման վրա , իսկ 1241-րդ հոդվածի հիման վրա նոտարը կարող է կնքել հավատարմագրային կառավարման պայմանագիր:

Առաջարկում ենք Օրենսգրքի 128-րդ հոդվածի կարգավորումը եւ բովանդակությունը հստակեցնել եւ այն համապատասխանեցնել օրենսդրական գործող կարգավորմանը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՊԵՏ ՝                                                                    Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող ՝ Ս. Առաքելյան