«16» հունիսի 2015 թ.                                                                                                                  ԻՎ-ե-70

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-794-21.05.2015-ԳԿ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7941 -21.05.2015-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին եւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոնների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 5-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում թանգարանները ստեղծվում եւ գործում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները, մասնավորապես` եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է: Նախագծում ամրագրված նորմի մեկնաբանությունից ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում թանգարանները ստեղծվում են ինչպես «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` այդ թվում ՀՀ Ազգային ժողովի որոշումներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով եւ կարգադրություններով, ՀՀ կառավարության եւ վարչապետի որոշումներով սահմանված կարգով :

Գտնում ենք, որ Նախագծում ամրագրված վերոհիշյալ նորմը հակասում է ՀՀ նաեւ ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջին, այն է՝ բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում իրավաբանական անձինք ստեղծելու կարգը եւ պայմանները:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավաբանական անձ ստեղծելու եւ դադարեցնելու կարգը սահմանվում է բացառապես օրենքով, ինչպես նաեւ օրենքի ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության տարածքում թանգարանների ստեղծման եւ գործունեության դադարեցման կարգը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվելու վերաբերյալ նորմերը համախմբել մեկ դրույթում, իսկ վերջիններիս գործունեությանն առնչվող նորմը` մեկ այլ:

2. Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 1 - ին մասի ց հանել «ըստ ցանկության`» բառերը, քանի որ դրույթում ամրագրված «կարող է» բառերն արդեն իսկ ենթադրում են թանգարանի իրավունքը` հավատարմագրվելու կամ ոչ:

3. Նախագծի 7-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է` սույն հոդվածի 5-րդ մասի պահանջներին չհամապատասխանելը հիմք է թանգարանի հավատարմագրման մերժման համար, որը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Դրույթից բխում է, որ օրենքներից բացի այլ իրավական ակտերով սահմանված կարգով եւս հավատարմագրմանը հավակնող իրավաբանական անձը կարող է բողոքարկել հավատարմագրումը մերժող որոշումը, մինչդեռ ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը կարող են սահմանվել բացառապես ՀՀ օրենքներով: Ուստի առաջարկում ենք «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով:

4. Նախագծի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` հավատարմագրված թանգարանը կարող է օգտվել պետական աջակցությունից, իսկ 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` թանգարաններին տրամադրվում է պետական աջակցություն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Նախագծով սահմանվում է թանգարանների հավատարմագրման կամավորության սկզբունքը, մասնավորապես` 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` թանգարանը կարող է հավատարմագրվել ըստ ցանկության` թանգարանի ղեկավարի դիմումի հիման վրա, իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ պետական թանգարանները ենթակա չեն հավատարմագրման եւ համարվում են հավատարմագրված թանգարաններ:

Վերոհիշյալ 7-րդ մասով սահմանվում է իրավունք բացառապես հավատարմագրված թանգարանների համար օգտվել պետական աջակցությունից, մինչդեռ 26-րդ հոդվածի 3-րդ մասով պետությունը ստանձնում է պարտականություն տրամադրել բոլոր թանգարաններին` պետական, համայնքային եւ ոչ պետական, այդ թվում` հավատարմագրված եւ ոչ հավատարմագրված, պետական աջակցություն:

Գտնում ենք, որ Նախագծի վերոհիշյալ երկու նորմերի միջեւ առկա է հակասություն եւ առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություն:

5. Նախագծի 8-րդ հոդվածով սահմանվում է, որ պետական թանգարանների գործունեության եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի նկատմամբ հսկողությունն իրականացնում է մշակույթի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը: Այնուամենայնիվ, Նախագծով սահմանված չեն հսկողության իրականացման դեպքերը, պայմանները եւ կարգը:

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները, այն է` բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը, առաջարկում ենք դիտարկել Նախագծում համապատասխան լրացումների կատարման անհրաժեշտությունը:

6. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ թանգարանից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են թանգարանների ներքին կանոնակարգով: Այս նորմը հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, համաձայն որի` ֆիզիկական անձանց պարտականությունները սահմանվում են բացառապես ՀՀ օրենքներով:

7. Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն` թանգարանային առարկաների եւ հավաքածուների մատչելիությունը կարող է սահմանափակվել թանգարանի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում: Տվյալ նորմն իրենից ներկայացնում է անձի` թանգարանային առարկաների եւ հավաքածուների հասանելիության (մատչելիության) իրավունքի սահմանափակում, որը, ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, կարող է սահմանվել բացառապես ՀՀ օրենքներով: Հետեւաբար, թանգարանի կանոնադրությամբ թանգարանային առարկաների եւ հավաքածուների մատչելիությունը սահմանափակելու վերաբերյալ նորմը Նախագծում ամրագրելու դեպքում հակասություն կառաջանա օրենքի եւ Սահմանադրության վերոհիշյալ նորմի միջեւ:

8. Նախագծի 14-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ոչ պետական թանգարանի թանգարանային առարկաները եւ հավաքածուները կարող են օտարվել սեփականատիրոջ որոշմամբ` իր դիմումի համաձայն: Իսկ նույն հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ ոչ պետական թանգարանում ընդգրկված թանգարանային առարկաներն ու հավաքածուները ենթակա են վաճառքի միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը մեկամսյա ժամկետում չի օգտվում դրանց գնման նախապատվության իրավունքից: Այսպիսով, մի դեպքում սահմանվում է իրավունք ոչ պետական թանգարանի սեփականատիրոջ համար իր դիմումի հիման վրա օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող թանգարանի թանգարանային առարկաները եւ հավաքածուները, մյուս դեպքում սահմանվում է պայման, երբ այդ առարկաները եւ հավաքածուները կարող են օտարվել: Միասնական կարգավորում ապահովելու նպատակով առաջարկում ենք վերոհիշյալ երկու նորմերը համախմբել մեկ դրույթում:

9. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ՀՀ կառավարությունը կարգավորում է պետական թանգարանների ստեղծման, վերակազմակերպման եւ գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները: Ինչպես նշել ենք սույն եզրակացության 1-ին կետում, պետական թանգարանների ստեղծման եւ գործունեության դադարեցման կարգը եւ պայմանները սահմանվում են բացառապես ՀՀ օրենքներով, ուստի գտնում ենք, որ տվյալ հարաբերությունների կարգավորումը կառավարության կողմից իրականացնելը չի բխում ՀՀ Սահմանադրությունից:

10. Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները: Նույն մասի 13-րդ կետի համաձայն` վերջինս իրավասու է իրականացնելու ՀՀ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

Վերոհիշյալ ձեւակերպումը, մասնավորապես` «եւ այլ իրավական ակտերով» եզրույթը, հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետեւաբար, առաջարկում ենք 13-րդ կետից հանել «եւ այլ իրավական ակտերով» եզրույթը:

Նույնը վերաբերում է Նախագծի 23-րդ եւ 24-րդ հոդվածների 1-ին մասերի 3-րդ կետերին:

11. Առաջարկում ենք խմբագրել Նախագծի 8-րդ գլխի վերնագիրը:

12. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջները` առաջարկում ենք Նախագծի 28-րդ հոդվածում «օրվանից» բառը փոխարինել «օրը» բառով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                         Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ք . Խանազադյան