«04» հունիսի 2015 թ.                                                                                                                ԻՎ-ե-69

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-796-26.05.2015-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7961 -26.05.2015-ՊԻ-010/0), ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7962 -26.05.2015-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7963 -26.05.2015-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7964 -26.05.2015-ՊԻ-010/0), ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7965 -26.05.2015-ՊԻ-010/0) եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7966 -26.05.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոնների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի խմբագրող 2-րդ մասում «արբիտրաժային տրիբունալը» բառերից հետո լրացնել «(այսուհետ` դատարան)» բառերը, իսկ նշված նախագծի 2-րդ հոդվածից հանել վերոհիշյալ «(այսուհետ` դատարան)» բառերը: Բացի այդ՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջները՝ առաջարկում ենք նույն նախագծի 3-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»: Նույն առաջարկությունը վերաբերում է Փաթեթում ներառված բոլոր օրենքների նախագծերի վերջին հոդվածներին:

2. ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվում է ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում կատարել լրացում, համաձայն որի` Օրենքը տարածվելու է նաեւ առեւտրային բնույթ չունեցող վեճերի վրա: Գտնում ենք, որ նման լրացումը կհանգեցնի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի պահանջի խախտմանը, համաձայն որի` իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին: Ուստի, առաջարկում ենք դիտարկել կատարվող լրացման կամ համապատասխանաբար Օրենքի վերնագրի փոփոխման անհրաժեշտությունը:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել «առեւտրային» հասկացությունը, մասնավորապես` փոփոխվող կետի առաջին նախադասությունից կարելի է եզրակացնել, որ նշված հասկացությունը վերաբերում է քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող առեւտրային բնույթի բոլոր վեճերին: Սահմանված «առեւտրային» հասկացությանը համահունչ լինելու նպատակով առաջարկում ենք նույն կետի երկրորդ նախադասությունում «իրավահարաբերությունները» բառը փոխարինել «իրավահարաբերությունների հետեւանքով ծագած վեճերը» բառերով:

4. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում կատարել փոփոխություն, մասնավորապես` արբիտրաժային համաձայնության առկայության պարագայում կողմերից մեկի միջնորդության հիման վրա դատարանի կողմից հայցն առանց քննության թողնելու պարտականության համար սահմանված ներկայումս գործող բացառությունը, այն է՝ երբ արբիտրաժային համաձայնությունն առոչինչ է, ուժը կորցրել է կամ չի կարող կատարվել, փոխարինել նոր բացառությամբ, այն է՝ երբ արբիտրաժային համաձայնության հիման վրա արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել: Առաջարկվող նոր խմբագրությունից բխում է, որ դատարանը, որին հայց է ներկայացվել այն վեճի վերաբերյալ, որի շուրջ առկա է արբիտրաժային համաձայնություն, պարտավոր է կողմերից մեկի միջնորդության հիման վրա հայցը թողնել առանց քննության, բացառությամբ եթե գտնում է, որ այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել: Գտնում ենք, որ առաջարկվող նոր կարգավորումը, համաձայն որի` դատարանն իրավասու է քննել իր վարույթում գտնվող գործը, երբ արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը վերացած չէ, անտրամաբանական է: Հետեւաբար, առաջարկում ենք վերանայել Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող փոփոխությունը:

Միեւնույն ժամանակ, առաջարկում ենք դիտարկել նաեւ վերոհիշյալ մասում կատարվող փոփոխությամբ նախատեսվող արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը վերանալու հիմքերը, որոնք գործող օրենքում առկա չեն:

5. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված Օրենքի 8-րդ հոդվածում կատարվող լրացվող 3-րդ մասի բովանդակությունից պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «ցանկացած պարտադիր գործընթացը»: Ուստի, առաջարկում ենք հստակեցնել «սպառողի դատարան դիմելու իրավունքը սահմանափակող ցանկացած պարտադիր գործընթաց» եզրույթը: Նույն առաջարկը վերաբերում է նաեւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

6. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Արբիտրի մահվան (ներառյալ դատարանի վճռով՝ մահացած ճանաչելու), կամ նրան դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում, արբիտրի լիազորությունները դադարում են:»:

Նախագծում առաջարկվող լրացման համաձայն՝ արբիտրի լիազորությունների դադարման հիմքերի մեջ նշված չէ այն դեպքը, երբ վերջինս ճանաչվել է անհայտ բացակայող,միչդեռ նշված դեպքում եւս նրա լիազորությունները պետք է դադարեցվեն:

Հարկ ենք համարում անդրադառնալ ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի4-րդ մասի ձեւակերպմանը, որով սահմանվում է դատավորի պաշտոնավարման դադարման հիմքերը: Ըստ ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի4-րդ մասի 3-րդ կետի՝ դատավորի պաշտոնավարումը դադարում է, եթե նա դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծում «կամ սահմանափակ գործունակ» բառերը փոխարինել «, սամանափակ գործունակ կամ անհայտ բացակայող» բառերով:

7. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ եւ համապատասխանեն հայոց լեզվի կանոններին միչդեռ նախագծի 9-րդ եւ 10-րդ հոդվածները չեն համապատասխանում նշված պահանջներին անհասկանալի են եւ միանշանակ չեն ընկալվում:

8. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները` առաջարկում ենք համարակալել Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքում լրացվող 17.1-ին հոդվածի միակ մասը: Նույնը վերաբերում է Նախագծի 11-րդ հոդվածով Օրենքում լրացվող 17.4-րդ եւ 17-7-րդ հոդվածների 1-ին մասերին:

9. Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր՝ 4.1-ին եւ 4.2-րդ գլուխներով: Հարկ է նշել, որ լրացվող գլուխները զերծ չեն թերություններից, մասնավորապես՝

1) Օրենքում առաջին անգամ կիրառվում է «նախնական կարգադրություն» հասկացությունը, որը նախկինում չի օգտագործվել այլ իրավական ակտերում: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները:

Առաջարկում ենք հստակ սահմանել «նախնական կարգադրություն» հասկացությունը:

2) Լրացվող 4.1-ին գլխի 17.2-րդ հոդվածի 1-ին մասն ունի հետեւյալ բովանդակությունը.

«Կողմերից մեկը կարող է առանց արբիտրաժային վարույթի մյուս կողմին ծանուցելու դիմել հայցի ապահովման միջոց կիրառելու համար՝ միաժամանակ ներկայացնելով միջնորդություն նախնական կարգադրություն տալու մասին, որով կողմից պահանջվում է չվնասել հայցի ապահովման հայցվող միջոցը, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:»:

Նշված ձեւակերպումից հետեւում է, որ նախնական կարգադրությունը կոչված է ապահովելու, որպեսզի հայցի ապահովման միջոցը չվնասվի: Մինչդեռ տրամաբանությունը կայանում է նրանում, որ չվնասվի ոչ թե հայցի ապահովման միջոցը, այլ չվնասվեն, չխաթարվեն հայցի ապահովման միջոցի նպատակները:

3) 17.2-րդ հոդվածի 3-րդ մասը ունի հետեւյալ բովանդակությունը.

«Սույն օրենքի 17.1 հոդվածում նշված պայմանները կիրառվում են ցանկացած նախնական կարգադրության նկատմամբ, իսկ հոդվածում նշված վնասը այն վնասն է, որը կառաջանա կարգադրությունը տալու կամ չտալու հետեւանքով:»:

Գտնում ենք, որ նշված դրույթը պետք է ամրագրվի 17.1-ին հոդվածում, որը վերաբերում է հայցի ապահովման միջոցներ կիրառելու պայմաններին:

4) 17.3-րդ հոդվածի 5-րդ մասը ունի հետեւյալ բովանդակությունը. «Նախնական կարգադրությունը պարտադիր է կողմերի համար: Այդպիսի նախնական կարգադրությունը վճիռ չի համարվում:»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է նախնական կարգադրության միայն մեկ տեսակ, որը վերոհիշյալ մասի բովանդակությանը համաձայն` պարտադիր բնույթ է կրում, առաջարկում ենք հանել «Այդպիսի» բառը:

Անհրաժեշտ է նշել, որ նախնական կարգադրության էությունը բնութագրելու համար անհրաժեշտ է սահմանել նաեւ՝ նախնական կարգադրությունը դատական կարգով ենթակա է կատարման, թե ոչ:

5) 17.4-րդ հոդվածի համաձայն.

«Արբիտրաժային տրիբունալը կարող է փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել իր կողմից սահմանված՝` հայցի ապահովման միջոցը կամ նախնական կարգադրությունը՝ կողմերից մեկի դիմւմի հիման վրա, կամ բացառիկ դեպքերում եւ կողմերին նախապես ծանուցելուց հետո՝ սեփական նախաձեռնությամբ:»:

Նախագծում սահմանված չեն այն բացառիկ հիմքերը, որոնց պարագայում արբիտրաժային տրիբունալը կարող է փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել հայցի ապահովման միջոցը կամ նախնական կարգադրությունը, ինչպես նաեւ սահմանված չէ, թե ինչ ժամկտում եւ ինչ կարգով պետք է կողմերը ծանուցվեն այդ մասին:

6) Նույն գլխի 17.7-րդ հոդվածի համաձայն` «Արբիտրաժային վարույթի շրջանակներում դատարանն ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հայցի ապահովման միջոցներ կիրառելու նույն իրավասությունը:»:

Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասը՝ գտնում ենք, որ«նույն» բառը պետք է լրացվի սահմանված բառից հետո: Բացի այդ՝ նույն հոդվածի «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել՝ դարձնելով «Հայաստանի Հանրապետության», քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

10. Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվել փոփոխություն, համաձայն որի` արբիտրաժային տրիբունալի կողմից վարույթի իրականացման ընթացակարգի շուրջ կողմերի համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային վարույթն իրականացվում է արբիտրաժի կանոնակարգով սահմանված ձեւով: Հարկ է նշել ոչ գործող օրենքում, ոչ Նախագծում առկա չեն արբիտրաժի կանոնակարգի վերաբերյալ որեւէ դրույթներ, ինչի հետեւանքով կարգավորված չեն մի շարք հարցեր (օրինակ` ինչպես է հաստատվում կանոնակարգը):

11. Նախագծի 13-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի «Արբիտրաժի վայրը» վերտառությամբ 20-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն արբիտրաժի վայրի ընտրության դեպքում արբիտրաժի վայրի օրենքը շարունակվում է կիրառվել` անկախ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով արբիտրաժային տրիբունալի կողմից նիստերն այլ վայրում անցկացնելու հանգամանքից:»: Գտնում ենք, որ լրացվող նորմը վերաբերում է վեճի էության նկատմամբ կիրառվող նորմերին, եւ հետեւաբար տեղին չէ արբիտրաժի վայրին վերաբերող հոդվածում տվյալ նորմի ամրագրումը:

Միաժամանակ, առաջարկում ենք «արբիտրաժի վայրի օրենքը» եզրույթը փոխարինել «արբիտրաժի վայրի իրավունքը» բառերով` այն համապատասխանեցնելով Նախագծի 15-րդ հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացմանը:

12. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ. «Սույն հոդվածով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությունը ենթակա է գնահատման արբիտրաժային տրիբունալի կողմից:»: Հարց է ծագում, թե ինչպես է արբիտրաժային տրիբունալը գնահատում փորձագետի կողմից ներկայացված եզրակացությունը, եւ արդյոք տրիբունալը ունի համապատասխան մասնագիտական կազմ նշված եզրակացությունը գնահատելու համար: Եթե խոսքը գնում է արբիտրաժային տրիբունալի կողմից փորձագետի եզրակացությունը որպես ապացույց գնահատելու պարտականության մասին, ապա առաջարկում ենք առավել հստակ այն սահմանել` հետագա տարընթերցումները բացառելու նպատակով:

13. Առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ կետով կատարվող լրացման մեջ «իրավաբանական անձ են» բառերը փոխարինել «իրավաբանական անձ լինելու դեպքերում» բառերով` նախադասությանը տրամաբանություն հաղորդելու համար:

14. Նախագծի 19-րդ հոդվածով Օրենքում լրացվող 36.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցի ճանաչման կամ կատարման հարց քննող դատարանը կարող է հայցող կողմին պարտավորեցնել տրամադրել ձեռնարկվող միջոցներին համապատասխանող ապահովում ՝ հայցի ապահովման միջոցների կիրառմամբ մյուս կողմին պատճառվելիք հնարավոր վնասների կանխման կամ հատուցմ ան նպատակով այն դեպքերում միայն, եթե՝

- արբիտրաժային տրիբունալն արդեն իսկ չի կայացրել որոշում ապահովման առնչությամբ, կամ

- այդպիսի որոշումն անհրաժեշտ է երրորդ անձանց իրավունքները պաշտպանելու համար:

Տառացի մեկնաբանությունից բխում է, որ բացի նշված երկուսից՝ որեւէ այլ դեպքում հայցի ապահովման միջոցի ճանաչման կամ կատարման հարց քննող դատարանը չի կարող հայցող կողմին պարտավորեցնել տրամադրել ձեռնարկվող միջոցներին համապատասխանող ապահովում: Մինչդեռ անհասկանալի է, թե ինչու պետք է հայցող կողմը չպարտավորվի տրամադրել ձեռնարկվող միջոցներին համապատասխանող ապահովում, եթե դրա արդյունքում մյուս կողմին պատճառվում է վնաս, որը, սակայն, չի հանգեցնում երրորդ անձանց իրավունքների հնարավոր խախտմանը: Նշենք, որ ՀՀ քաղ. դատ. օր. 102-րդ հոդվածով հայցի ապահովման հետ կապված վնասների հատուցումը կախման մեջ չի դրվել երրորդ անձանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից: Ուստի, ապահովման հետ կապված վնասների հատուցումը չպետք է կախման մեջ դրվի 36.1-ին հոդվածում նշված երկու հանգամանքներից:

15. Հոդվածների ճիշտ համարակալումն ապահովելու նպատակով առաջարկում ենք «Վարքագծի կանոնների նպատակը եւ դրանց պահպանմանը հետեւելու պարտականությունը» վերտառությամբ հոդվածը համարակալել «36.5» համարով (սույն եզրակացության հետագա շարադրանքում «Արբիտրի վարքագծի կանոնները» եւ «Վարքագծի կանոնների նպատակը եւ դրանց պահպանմանը հետեւելու պարտականությունը» վերտառությամբ հոդվածները պայմանականորեն կանվանենք համապատասխանաբար «առաջին 36.4-րդ հոդված » եւ «երկրորդ 36.4-րդ հոդված»):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` մշտապես գործող արբիտրաժային հաստատությունները, արբիտրի վարքագծի կանոններ ընդունելիս, պարտավոր են ապահովել սույն հոդվածով սահմանված սկզբունքների իրականացումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հոդվածով սկզբունքներ սահմանված չեն, իսկ արբիտրի գործունեության սկզբունքները ամրագրված են Օրենքում լրացվող նոր 36.3-րդ հոդվածում, առաջարկում ենք շտկել կատարված հղումը:

16. Նախագծի 19-րդ հոդվածով օրենքում լրացվող առաջին 36.4-րդ հոդվածի 1-ին մասը եւ երկրորդ 36.4-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ էության, կրկնում են միմյանց, հետեւաբար առաջարկում ենք երկրորդ 36.4-րդ հոդվածի 3-րդ մասը հանել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները: Սույն առաջարկությունն ընդունելու դեպքում վերանում է սույն եզրակացության 14-րդ կետի երկրորդ պարբերությամբ կատարված առաջարկությանն անդրադառնալու անհրաժեշտությունը:

Բացի այդ՝ առաջին 36.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արբիտրի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր արբիտրների համար: Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մշտապես գործող յուրաքանչյուր արբիտրաժային հաստատություն կարող է սահմանել վարքագծի մանրամասն կանոններ, հետեւաբար՝ ըստ մեզ, յուրաքանչյուր արբիտրաժային հաստատության վարքագծի կանոնները պետք է պարտադիր լինեն միայն տվյալ արբիտրաժային հաստատության համար: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի առաջին 36.4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «2. Յուրաքանչյուր արբիտրաժային հաստատության վարքագծի կանոնները պարտադիր են տվյալ արբիտրաժային հաստատության բոլոր արբիտրների համար:»:

17. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսված նոր խմբագրությամբ շարադրվող նորմերում արբիտրաժային կարգով վեճի լուծմանն անդրադառնալիս մի դեպքում օգտագործվում է «արբիտրաժի լուծմանը» բառակապակցությունը, մյուս դեպքում` «արբիտրաժային դատարանի քննությանը» եւ «արբիտրաժային դատարան դիմելու» բառակապակցությունները:

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, այն է` նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում արբիտրաժային կարգով վեճերը քննելուն եւ լուծմանն անդրադառնալիս օգտագործվում է «արբիտրաժային տրիբունալ» տերմինը (հոդվածներ` 18, 42, 70, 91, 92) առաջարկում ենք տվյալ նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ:

18. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջները` առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի 1-ին հոդվածներում «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» բառերը չակերտներից հանել, իսկ քաղաքացիական բառը գրել փոքրատառով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                         Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ք . Խանազադյան