«20» հուլիսի2015 թ.                                                                                                             ԻՎ-ե-76

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-815-12.06.2015-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջը, այն է` արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ, առաջարկում ենք Նախագծի վերնագրում եւ 1-ին կետում «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

2. Նախագծի վերնագրում եւ 1-ին կետում ամրագրված է մահացած զինծառայողների քրեական գործերի քննության թափանցիկությունն ապահովելու նպատակով Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու հանձնաժողովի պարտականությունը: Նման ձեւակերպումից կարելի է հասկանալ, որ հրապարակայնության սկզբունքը գործում է քրեական դատավարության ցանկացած փուլում: Մինչդեռ այն ամբողջությամբ կիրառվում է միայն դատական քննության ընթացքում, այն էլ որոշակի բացառություններով, իսկ քրեական դատավարությունում հանրորեն վտանգավոր արարքի բացահայտման եւ այն կատարած անձին հայտնաբերելու գործընթացում գործում է գաղտնիության պահպանման սկզբունքը: Օրինակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն` նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Ուստի, գտնում ենք, որ Նախագծի վերնագրում եւ 1-ին կետում կատարված վերոհիշյալ ձեւակերպումը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին:

3. Համանման ձեւով ճիշտ չէ նաեւ Նախագծի վերնագրում եւ 1-ին կետում նշված «քրեական գործերը բացահայտելու նպատակով Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու» եզրույթը, քանի որ ՀՀ քրեական դատավարության 27-րդ հոդվածի համաձայն` քրեական հետապնդման մարմինները հետաքննության մարմինը, քննիչը եւ դատախազն են, ովքեր պարտավոր իրենց իրավասության սահմաններում ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: Վերոհիշյալ եզրույթից ստացվում է, որ քաղաքական մարմնի ժամանակավոր հանձնաժողովը ստանձնում է քրեական հետապնդման մարմնի լիազորությունները, ինչը հակասում է քրեական դատավարության բուն էությանը:

4. Նախագծի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` ժամանակավոր հանձնաժողովն իրավունք ունի հանձնաժողովի որոշմամբ ցանկացած պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից 10-օրյա ժամկետում պահանջել եւ ստանալ հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր:

Վերոհիշյալ կետը հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածին, որի համաձայն` հանձնաժողովն իր որոշմամբ կարող է իր քննարկմանը ներկայացված հարցերի վերաբերյալ հարցումներով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, որոնք պարտավոր են 20-օրյա ժամկետում քննարկել հանձնաժողովի գրավոր հարցումը եւ գրավոր պատասխանել նրան: Այսպիսով, հակասություն է առաջանում հանձնաժողովի կողմից կատարվող հարցումներին համապատասխան մարմնի կողմից արձագանքելու Նախագծով եւ վերոհիշյալ օրենքով սահմանված ժամկետների միջեւ:

Միաժամանակ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի հետ համահունչ շարադրելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «ա) Հանձնաժողովի որոշմամբ դիմել ցանկացած պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն կամ դրանց պաշտոնատար անձանց եւ դիմումի ստացման պահից 20-օրյա ժամկետում ստանալ Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր:»:

5. Նախագծի 3-րդ կետի դ) ենթակետի համաձայն` ժամանակավոր հանձնաժողովն իրավունք ունի ծանոթանալ մահացած զինծառայողների քրեական գործերի նյութերին:

Գտնում ենք, որ հանձնաժողովին նման լիազորության տրամադրումը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, որի համաձայն` քրեական դատավարության հետեւյալ սուբյեկտներն են իրավասու ծանոթանալ քրեական գործերի նյութերին` քրեական գործով տուժող ճանաչված անձը (59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ), քաղաքացիական հայցվորը (61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ), մեղադրյալը (65-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետ), պաշտպանը (73-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ), քաղաքացիական պատասխանողը (75-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ), տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչը (77-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ), տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը (79-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ), մասնագետը` քրեական վարույթն իրականացնող մարմնի կամ քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձի թույլտվությամբ (84-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետ), դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս դատապարտյալը (429-րդ հոդվածի 3-րդ մաս), ինչպես նաեւ այն անձինք, որոնց նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ (456-րդ հոդված):

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                      Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ք. Խանազադյան