«19» հունիսի2015 թ.                                                                                     ԻՎ-ե-73  


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-827-16.06.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Օրենսդրական տեխնիկայի կանոնների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, այն է` նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածով կենսաթոշակները դասակարգվում են երկու խմբի` աշխատանքային եւ զինվորական (այդ թվում` երկարամյա ծառայության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում), ինչպես նաեւ Օրենքում (հոդվածներ` 18 եւ 19) օգտագործվում է «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ» տերմինը` որպես զինվորական կենսաթոշակի տարատեսակ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի» բառերը փոխարինել «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝          Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ք. Խանազադյան