«20» հուլիսի 2015 թ. ԻՎ-ե-79
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-831-30.06.2015-ԱՄ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:
Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշեք հետեւյալը:
1. Նախագծի 1-ին հոդվածով ուժը կորցրած են ճանաչվում ի սկզբանե միմյանց հակասող երկու դրույթ, մասնավորապես` հոդվածի 1-ին կետով ուժը կորցրած է ճանաչվում «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի «ը» կետը, համաձայն որի` ՀՀ կառավարությունը հաստատում է ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների` բուժման նպատակով ՀՀ մուտք գործելու կարգը, իսկ 2-րդ կետով` Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք բուժման նպատակով մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն` համաձայն օրենքով սահմանված կարգի: Մի դեպքում, ՄԻԱՎ-ով վարակված վերոհիշյալ անձանց մուտքը ՀՀ տարածք սահմանվում է օրենքով, մյուս դեպքում` կառավարության որոշմամբ:
Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ հիմնավորման համաձայն` նշված փոփոխությունները բխում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց նկատմամբ խտրականությունը բացառելու սկզբունքից եւ վերջիններիս իրավունքները պաշտպանելու նպատակից՝ ապահովելով ՀՀ Սահմանադրության 14.1-ին հոդվածի պահանջի պահպանումը: Այս առնչությամբ կցանկանայինք նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումը (օրինակ` 2002 թվականի հուլիսի 29-ի որոշումը Փրիթի ընդդեմ Մեծ Բրիտանիայի N 2346/02 գործով) անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունքի եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 14-րդ հոդվածում ամրագրված խտրականության արգելման սկզբունքի վերաբերյալ հետեւյալն է` համեմատելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի տարբերությունը խտրական է, եթե այն չունի օբյեկտիվ եւ ողջամիտ հիմնավորում, այլ կերպ ասած` եթե այն չի հետապնդում օրինաչափ նպատակ կամ եթե առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն օգտագործված միջոցների եւ հետապնդվող նպատակի միջեւ:
Գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածք ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի տարբերակվող կարգը կարող է բխել հանրության առողջության պաշտպանության եւ ազգային անվտանգության նկատառումներից, ինչը տվյալ պարագայում օբյեկտիվ եւ ողջամիտ հիմնավորում է, ինչպես նաեւ օրինաչափ նպատակ է հետապնդում: Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած չճանաչել:
2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը, քանի որ Նախագծում 1-ին հոդվածից զատ Օրենքին այլեւս հղում չի կատարվում:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող՝ Ք. Խանազադյան