«24» հուլիսի 2015 թ.                                                                                                    ԻՎ-ե-84

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Կ-836-15.07.2015-ԳԲ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը եւ օրենսգրքի վերնագիրը: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) թիվը (ՀՕ-280-Ն):

2. Անհասկանալի է, թե Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող կետերն ինչու են համարակալվել համապատասխանաբար «37» եւ «38» թվերով: Առաջարկում ենք դրանք համարակալել համապատասխանաբար «35» եւ «36» թվերով՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը գործող խմբագրությամբ ունի 34 կետ եւ երբեւէ այդքանից ավելի շատ կետեր չի ունեցել:

3. Նախագծի 1-ին հոդվածում, որով սահմանվում է լքված հանքավայրի հասկացությունը, առաջարկում ենք «օգտագործվել է» բառը փոխարինել«շահագործվել է» բառով, քանի որ Օրենսգրքում օգտագործվում է «հանքավայրի շահագործում» հասկացությունը: Այս պարագայում արդեն կրկնաբանությունից խուսափելու նպատակովանհրաժեշտ կլինի նույն հոդվածի «լքված հանքավայր ՝ շահագործված հանքավայր» ձեւակերպումից հանել «շահագործված» բառը: Հիշյալ առաջարկներից առաջինը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասից, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ, իսկ երկրորդը՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասին, որի համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:

4. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածը «մտնում» բառից հետո լրացնել «պաշտոնական» բառով՝ ապահովելու համար համապատասխանություն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկներ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Թեւանյան