«09» սեպտեմբերի2015 թ.                                                                                                       ԻՎ-ե-95

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-846-14.08.2015-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ եթե սույն օրենքով նախատեսված կարգով արձանագրված խախտումն իրականացվել է առնվազն 15 տարվա գործարանային թողարկման, կամ առնվազն 10 տարվա գործարանային թողարկման եւ 250-ից 350 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կամ առնվազն 5 տարվա գործարանային թողարկման եւ 120-ից 250 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կամ մինչեւ 120 ձիաուժ հզորությամբ շարժիչով թեթեւ մարդատար ավտոմոբիլով, կամ բեռնատար ավտոմոբլիով, կամ միկրոավտոբուսով, կամ ավտոբուսով ՝ վարչական ակտով տուգանքները նշանակվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրա պետության օրենսգրքով սահմանված տուգանքների 50 տոկոսի չափով:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում կդրվի եւ սոցիալապես պակաս ապահովված վարորդները տուգանքի չափերը կնվազեցվեն 50 տոկոսով:

ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի համաձայն.

« Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ:

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Օրենքի առջեւ բոլորի հավասարության սահմանադրական դրույթը ՀՀ Սահմանադրության հիմնարար սկզբունքներից մեկն է, որի հիման վրա է կառուցված մարդու սահմանադրական կարգավիճակի ամբողջ հայեցակարգը, եւ անմիջականորեն կապված է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության սկզբունքի հետ:

Օրենքի առջեւ հավասարության, ինչպես նաեւ 14.1-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում խտրականության արգելման վերաբերյալ այսպիսի սահմանադրական ըմբռնումը համահունչ է միջազգային իրավական չափանիշներին, որոնք արտացոլվել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (հոդվածներ 2, 7), «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում (հոդվածներ 2, 26), «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում (հոդված 14): Օրենքի առջեւ հավասարության սկզբունքը վերաբերում է ոչ միայն մարդկանց իրավունքներին ու ազատություններին, այլեւ նրանց պարտականություններին:

Օրենքի առջեւ հավասարության սկզբունքը, ըստ էության, վերաբերում է ամբողջ իրավական համակարգին, իրավունքի բոլոր ճյուղերին՝ առանց բացառության, եւ, հետեւաբար, ենթադրում է իրավունքի կոնկրետ ճյուղի առանձնահատկություններին համապատասխան մշակել սահմանադրական այս պահանջի իրականացման անհրաժեշտ կառուցակարգեր (մեխանիզմներ): Այս սկզբունքի հիման վրա է կառուցված մարդու եւ քաղաքացու սահմանադրական կարգավիճակի ամբողջ հայեցակարգը եւ, փաստորեն, ՀՀ Սահմանադրության երկրորդ գլխում նախատեսված մարդու եւ քաղաքացու բոլոր իրավունքներն ու ազատությունները սահմանված են այդ սկզբունքին համապատասխան:

ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածը, 1-ին պարբերությամբ երաշխավորելով բոլորի՝ օրենքի առջեւ հավասարությունը, 2-րդ պարբերությամբ էլ արգելում է խտրականության ցանկացած ձեւ, ցանկացած դրսեւորում, ինչպիսին էլ որ այն լինի:

Խտրականության ցանկացած միջոցից պաշտպանություն երաշխավորող հավասարության ապահովումը միաժամանակ ենթադրում է, որ արգելվում է միեւնույն կատեգորիային պատկանող ցանկացած անձանց իրավունքների եւ պարտականությունների նկատմամբ կիրառել այնպիսի տարբերություններ, որոնք ունեն օբյեկտիվ եւ բանական արդարացում: Ընդհանուր առմամբ պետք է գործի` «հավասար պայմանների առկայության դեպքում մարդիկ պետք է գտնվեն հավասար վիճակում» սկզբունքը:

Օրենքի առջեւ բոլորի հավասարության սահմանադրական պահանջից բխում են ոչ միայն օրենքով բոլորի համար սահմանված արգելքների հավասարության եւ պատասխանատվության միասնական պայմաններ, այլեւ բոլորի համար օրենքի կիրառման արդյունքում առաջացած իրավական նույնակարգ հետեւանքներ եւ ձեւականորեն հավասար սուբյեկտների նկատմամբ օրենքի կիրառման միեւնույն մոտեցումներ: Սա նշանակում է, որ բոլորը պետք է ստանան օրենքով սահմանված իրավունքների ու ազատությունների միեւնույն ծավալը, ունենան այդ իրավունքների ու ազատությունների իրացման նույն հնարավորությունները, դրանց պաշտպանության եւ խախտման դեպքում դրանց վերականգնման նույն միջոցները, ինչպես նաեւ հավասար իրավական պարտականություններ [1] :

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագծով, ըստ էության, անհավասար պայմաններ են ստեղծվում սոցիալապես պակաս ապահովված եւ մյուս վարորդների միջեւ, այսինքն՝ պայմանականորեն այս երկու խումբ անձանց նկատմամբ կիրառվելու է խտրական վերաբերմունք՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների դեպքում համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու հարցում, այն է՝ սոցիալապես պակաս ապահովված վարորդների համար տուգանքի չափերը կնվազեցվեն 50 տոկոսով, իսկ մյուս վարորդների համար կգործի տուգանքների 100 տոկոսի չափը, ինչով պայմանավորված՝ կխախտվեն ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերով սահմանված բոլորի առջեւ օրենքի հավասարության եւ խտրականության արգելման սկզբունքները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                            Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան



[1] Տես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ / Ընդհանուր խմբագրությամբ Գ.Հարությունյանի, Ա. Վաղարշյանի. - Եր.: «Իրավունք», 2010, էջեր 172-176: