«02» հոկտեմբերի2015 թ.                                                                               ԻՎ-ե-104


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-856-23.09.2015-ՏՀ-010/0), ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8561 -23.09.2015-ՏՀ-010/0), ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8562 -23.09.2015-ՏՀ-010/0), ««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8563 -23.09.2015-ՏՀ-010/0) եւ ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8564 -23.09.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները: Ուստի առաջարկում ենք ««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվող հավելվածի 1-ին մասում «ամսեկան» բառը փոխարինել «ամսական» բառով:

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ իրավական ակտով հաստատվող առանձին բաղկացուցիչ մասերը` կանոններ, կանոնադրություններ, կարգեր, հրահանգներ, պարզաբանումներ, պայմաններ, գնացուցակներ, ցուցակներ, ցանկեր, կազմեր, աղյուսակներ, գրաֆիկներ, քարտեզներ, գծապատկերներ եւ այլն, ձեւակերպվում են հավելվածների ձեւով, իսկ իրավական ակտի համապատասխան մասերը պետք է հղում պարունակեն այդ հավելվածներին: Նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հավելվածով, մինչդեռ հավելվածին հղումն Օրենքում բացակայում է:

3. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի «հրապարակմանը հաջորդող» բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող» բառերով՝ ապահովելու համար համապատասխանություն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին: Սույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Փաթեթում ընգրկված մյուս նախագծերի վերջին հոդվածներին:

4. ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերնագիրն առաջարկում ենք «լրացում» բառից հետո լրացնել «եւ փոփոխություն» բառերով, քանի որ նշված նախագծով լրացումից բացի՝ առաջարկվում է նաեւ փոփոխություն:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝                                                   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան