«16» հոկտեմբերի 2015 թ.                                                                                                 ԻՎ-ե-111

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-867-12.10.2015-ԱՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված«Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւՀայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի իրավակարգավորման առարկայի կապակցությամբ ցանկանում ենք անդրադառնալ այն հարցին, թե որքանով է որոշակի իրադարձությունների դատապարտումը հանդիսանում օրենսդրական կարգավորման առարկա: Ինչպես գիտենք, օրենքն ընդունվում է հասարակական հարաբերությունների կարգավորման նպատակով: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքը կարգավորում է առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերությունները»: Օրենքը՝ որպես նորմատիվ իրավական ակտ, պարունակում է իրավական նորմեր, որոնք ունեն ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված են մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար եւ պարտադիրանորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) անձանց համար: Իսկ իրավական նորմն իրենից ներկայացնում է վարքագծի կանոն: Այսինքն՝ օրենքը բովանդակում է վարքագծի կանոններ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառության համար: Մինչդեռ Նախագծով նախատեսված «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթան (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկման» դատապարտմամբ պետությունը գնահատական է տալիս պատմական որոշակի փաստերի եւ արտահայտում է իր դիրքորոշումը այդ կապակցությամբ: Այս առումով որոշակի իրադարձությունների ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ ակտը՝ որոշումը, բանաձեւը կամ հայտարարությունը, չի բովանդակում վարքագծի կանոններ եւ չի կարող կիրառության առարկա դառնալ:

ՀՀ Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի շրջանակներում Ազգային ժողովը՝ որպես ներկայացուցչական մարմին, նշված փաստերի կապակցությամբ կարող է իր քաղաքական դիրքորոշումն արտահայտել հայտարարության ընդունման միջոցով: ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն՝ «Ազգային ժողովն իր կանոնակարգ օրենքով սահմանված կարգով կարող է ընդունել ուղերձներ եւ հայտարարություններ»: Իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 104.1-ին հոդվածի համաձայն՝ «Ուղերձը կամ հայտարարությունը որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի դիրքորոշման արտահայտումն է »: Կարծում ենք՝ Ազգային ժողովն իրավասու է նշված փաստերի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում՝ համապատասխան հայտարարություն ընդունելու միջոցով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                               Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Հ. Սարդարյան

հեռ. 011-513-675