«16» հոկտեմբերի 2015 թ. ԻՎ-ե-109
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-869-13.10.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6.1-ին գլխի վերնագրում «6.1» թիվը փոխարինել «5.1» թվով:
Հարկ է նշել, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուժի մեջ մտած իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի գլուխների համարների փոփոխություն չի կատարվում:
2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի «վեց ամսյա» բառերը փոխարինել «վեցամսյա» բառով:
3. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող 28-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ ծնողին կամ նրա փոխարեն խնամքի նպաստը ստանալու ՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:Վերալիազորման կարգով տրված լիազորագրով նպաստ չի վճարվում:
Հարկավոր է նկատի ունենալ, որ ՀՀ քաղ. օր. 323-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազորագիր ստացած անձը պետք է անձամբ կատարի այն գործողությունները, որոնց համար լիազորված է: Նա կարող է դրանց կատարումը վերալիազորել այլ անձի, եթե դրա համար լիազորված է լիազորագրով կամ հանգամանքների բերումով ստիպված է այդ անել լիազորողի շահերի պահպանման համար:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան
հեռ. 011-513-337