«13»նոյեմբերի 2015 թ.                                                                                                        ԻՎ-ե-122

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-875-20.10.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքումփոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծ ը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված եւ լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները:

Մինչդեռ Նախագծով առաջարկվող կարգավորումների պարագայում պարզ չէ, թե ինչպես է անհրաժեշտ վարվել այն դեպքերում, երբ՝

ա) ընտրական ցուցակի կին թեկնածուի կողմից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելուց հետո ցուցակում այլեւս կին թեկնածու չի մնում,

բ) համամասնական ընտրակարգով ընտրված կին պատգամավորի լիազորությունները դադարելուց հետո համապատասխան ընտրական ցուցակում այլեւս կին թեկնածու չի մնում:

2. Հարկ է նշել, որ Երեւանի ավագանու ընտրությունն անցկացվում է համամասնական ընտրակարգով: Մինչդեռ Նախագծով առաջարկվող կարգավորումները վերաբերում են միայն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ կին թեկնածուների կողմից հայտնված ինքնաբացարկներին եւ հետագայում՝ համամասնական ընտրակարգով ընտրված կին պատգամավորների լիազորությունները դադարելուն: Ուստի առաջարկում ենք դիտարկել ՀՀ ընտրական օրենսգրքի 7-րդ բաժնում (Երեւանի ավագանու ընտրությունը) եւս համանման կարգավորում նախատեսելու հարցը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան

հեռ. 011-513-337