«26» նոյեմբերի 2015 թ.                                                                                                     ԻՎ-ե-128

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-887-28.10.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն. «Պատգամավորը յուրաքանչյուր քառօրյա նիստերի ընթացում Կառավարությանը կարող է դիմել մեկական գրավոր եւ բանավոր հարցով»: Ստացվում է, որ Նախագծի համաձայն՝ պատգամավորը չորսօրյա նիստերի ցանկացած նիստում իրավունք ունի մեկական գրավոր եւ բանավոր հարցով դիմելու կառավարությանը, ինչից բխում է նաեւ, որ Կառավարությունը չորսօրյա նիստերի ցանկացած նիստում պետք է պատասխանի պատգամավորի գրավոր եւ բանավոր հարցին:

Այդ առումով Նախագծի հիշյալ դրույթը չի բխում ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածի, ինչպես նաեւ«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից: Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն. «Հերթական նստաշրջանի նիստերի գումարման շաբաթվա մեկ նիստում վարչապետը եւ կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը եւ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

Հիշյալ դրույթների համակարգային վերլուծությունից բխում է, որ ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածով սահմանված պատգամավորների՝ Կառավարությանը գրավոր եւ բանավոր հարցերով դիմելու իրավունքի իրականացման կարգը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածով, որի 3-րդ մասը նախատեսում է միայն հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստը` որպես պատգամավորների եւ կառավարության հարց ու պատասխանի ինստիտուտի իրականացման ժամանակահատված, մինչդեռ Նախագծով առաջարկում է ըստ էության այլ կարգավորում՝ «Պատգամավորը յուրաքանչյուր քառօրյա նիստերի ընթացում Կառավարությանը կարող է դիմել մեկական գրավոր եւ բանավոր հարցով»:

2. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «քառօրյա» բառը փոխարինել «չո ր սօրյա» բառով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում օգտագործվում է միայն «չորսօրյա» տերմինը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                      Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան

հեռ. 011-513-337