«26» նոյեմբերի 2015 թ.                                                                                                    ԻՎ-ե-129

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-890-03.11.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի եւ Վահե Էնֆիաջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը:

Նախագծով առաջարկվում է սույն ենթակետում կատարվող լրացմամբ ամրագրել նաեւ պատգամավորի իրավունքը՝ պատշաճ հիմնավորման պարագայում դիմելու պետական մարմիններին բարձրացված հարցի վերաբերյալ համապատասխան քննարկումների կազմակերպման համար:

Կարծում ենք՝ Նախագծի նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասն արդեն իսկ ամրագրում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատգամավորի բարձրացրած հարցի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու պարտականություն:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                         Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան

հեռ. 011-513-337