«03» դեկտեմբերի 2015 թ.                                                                                                         ԻՎ-ե-134

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-898-16.11.2015-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանի, կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված լինելու, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծին կցված չէ տեղեկանքը, որտեղ ներկայացվում է գործող օրենքի լրացվող հոդվածը, ինչը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի խախտում է:

2. Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ Նախագիծը «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին այլեւս հղում չի պարունակում:

3. Նախագծով առաջարկվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել նոր` 8-րդ մասով, համաձայն որի՝ «Անձնական օգտագործման մարդատար տրանսպորտային միջոցներն ենթակա չեն պարտադիր տեխնիկական զննության»:

Նախագծով առաջարկվող լրացման ընդունման դեպքում ներքին հակասություններ («Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մաս) կառաջանան Օրենքի մի շարք դրույթների միջեւ: Այսպես՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1- ին մասի «գ)» կետի համաձայն՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղություն է համարվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհներին երթեւեկության մասնակիցների անվտանգության ապահովումը», իսկ համաձայն Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ճանապարհային երթեւեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը եւ կահավորումը պետք է համապատասխանեն օրենսդրության, uտանդարտների, կանոնների եւ տեխնիկական շահագործման հրահանգների պահանջներին` երթեւեկության անվտանգությանը եւ շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող մասով»: Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության»:

Բացի այդ, հակասություն կառաջանա նաեւ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա)» կետի հետ, համաձայն որի՝ «Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն … »: Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետով ամրագրված է, որ՝ «Տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է երթեւեկությունն սկսելուց առաջ ստուգել տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն անցած լինելու փաստը»:

4. Նախագծով առաջարկվող լրացմամբ անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություն կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասում՝ («Ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»):

5. Նախագծի 2-րդ հոդվածի «պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերն առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ ձեւակերպումը համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի ն:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                                     Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Ա. Սարգսյան (հեռ. 011-513-659)
Ա. Մանուկյան (հեռ. 011-513-616)
Ա. Քոչարյան (հեռ. 011-513-248)
Գ. Հովսեփյան (հեռ. 011-513-616)
Մ. Վասիլյան (հեռ. 011-513-273)