«10» դեկտեմբերի 2015 թ.                                                                                              ԻՎ-ե-143

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-908-07.12.2015-ՏՏ-010/0) եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9081 -07.12.2015-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)6-րդ հոդվածով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացվող դրա 14.4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ միկրոռեգիոնալ միավորները ձեւավորվում են նաեւ հաշվի առնելով մարզի սահմաններում համայնքների միացման արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւավորված նոր համայնքները (այսուհետ` միավորված համայնքներ) կամ միջհամայնքային միավորումները (առկայության դեպքում): Հիշյալ նորմի վերլուծությունից բխում է, որ համայնքները ձեւավորվում (ստեղծվում են) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներից, որոնց համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում իրավաբանական անձինք ստեղծելու , դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը եւ պայմանները:

Հարկ է նաեւ նշել, որ ՀՀ Սահմանադրության 104.1-րդ հոդվածի համաձայն. «Համայնքն իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք եւ գույքային այլ իրավունքներ»:

2. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 14.3-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությունը շարադրվում է նոր խմբագրությամբ, որտեղ խոսքը գնում է տեղական եւ միկրոռեգիոնալ մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերի մասին եւ դրանց նախագծման առաջադրանքների մասին , մինչդեռ Օրենքի 14.3-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունում խոսքը գնում է առանց միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի եւ (կամ) դրանց փոփոխությունների առ ոչինչ լինելու մասին: Այդ առումով առաջարկում ենք համապատասխան փոփոխություն նախատեսել նաեւ Օրենքի 14.3-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունում՝ նշված մասի 1-ին եւ 2-րդ նախադասությունների միջեւ հակասությունները վերացնելու նպատակով: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն՝ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները:

3. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող դրա 14.4-րդ հոդվածի 7-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության մարզպետի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի» բառերով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան

հեռ. 011-513-337