«26» հունվարի 2016թ. ԻՎ-ե-3
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-932-11.01.2016-ԳԲ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:
Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի 3-րդ հոդվածի «ենթակետի» եւ «ենթակետում» բառերն առաջարկում ենք փոխարինել համապատասխանաբար «կետի» եւ «կետում» բառերով, քանի որ համապատասխան փոփոխությունները տվյալ դեպքում կատարվում են կետերում, այլ ոչ թե ենթակետերում:
2. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկված փոփոխության ընդունման դեպքում ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, ըստ էության, նախադասություն չի հանդիսանա: Ուստի առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածիի 3-րդ մասում «եթե պահանջվող հողամասը գտնվում է այլ անձի օգտագործման ներքո, լիազորված պետական մարմինը հողերի անհատույց (մշտական) օգտագործման տրամադրման հայտ ներկայացնելուց առնվազն մեկ ամիս առաջ պատշաճ կերպով ծանուցելով հողօգտագործողին՝ ստանում է հողօգտագործողի գրավոր համաձայնությունը:» բառերը փոխարինել « եթե պահանջվող հողամասը գտնվում է այլ անձի օգտագործման ներքո, հողօգտագործողի գրավոր համաձայնությունը, որը ստանում է լիազորված պետական մարմինը հողերի անհատույց (մշտական) օգտագործման տրամադրման հայտ ներկայացնելուց առնվազն մեկ ամիս առաջ պատշաճ կերպով ծանուցելով հողօգտագործողին: » բառերով:
Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն՝ իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հստակ եւ մատչելի:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)