«10» փետրվարի 2016թ.                                                                                   ԻՎ-ե-10



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-933-12.01.2016-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փոր ձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ 1.1 կետով» բառերոն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ 1.1-ին մասով» բառերով: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասից, որի համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով, եւ համապատասխանում է նույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասով օրենքի հոդվածի մասերին վերաբերող կարգավորմանը: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածին:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում լրացվող 1.1-ին մասի «1.1» թվից հետո առաջարկում ենք դնել միջակետ: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ հոդվածի մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածին:

3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենքում ամրագրել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հեռուստաընկերությունները Հայաստանի Հանրապետության տարածքում եթերով հեռարձակվող կինոֆիլմերը պարտավոր են ցուցադրել պետական հայերեն լեզվով: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի: Օրենքի 3-րդ հոդվածում տրված է «հեռուստառադիոհաղորդում» հասկացության ձեւակերպումը, այն է՝ «հեռուստառադիոհաղորդում ՝ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով տարածվող պատկերներ եւ (կամ) հնչյուններ եւ (կամ) այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված սահմանափակ տեւողությամբ նյ ութ, որը բովանդակության եւ կազմակերպչական իմաստով ինքնուրույն եւ ավարտուն է, համարվում է հեղինակային եւ (կամ) հարակից իրավունքի օբյեկտ»: «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետի համաձայն՝ կինո-հեռուստաֆիլմերը համարվում են հեղինակային իրավունքի օբյեկտ: Վերոշարադրյալից բխում է, որ կինոֆիլմերը հեռուստառադիոհաղորդումներ են, եւ դրանց վրա տարածվում է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

4. Հարկ է նշել, որ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձեւով եւ եղանակով, ինչպես նաեւ երրորդ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա օգտագործումը, մասնավորապես՝ ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք): Այս դրույթից բխում է, որ արտասահմանյան ֆիլմերի հայերեն թարգմանություն ապահովելու համար հեռուստաընկերությունների վրա դրվում է ֆինանսական ծանր բեռ: Այդ խնդրին Նախագծի հիմնավորման մեջ անդրադարձ չի կատարվում:

5. Անհրաժեշտ է ընդգծել նաեւ, որ լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներին տրված լիցենզիաների գործողության ժամկետը լրանում է 2021 թվականի հունվարի 20-ին: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այդ մրցույթի առանձնահատկությունները սահմանվում են նույն օրենքի 62-րդ հոդվածով: Մինչդեռ 62-րդ հոդվածը կինոֆիլմերը միայն հայերեն լեզվով հեռարձակելու պայման չի նախատեսում: Հետեւաբար, գտնում ենք, որ նման պայման սահմանելը չի բխում գործող օրենքում ամրագրված մոտեցումներից:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)