«26» փետրվարի 2016թ.                                                                                                          ԻՎ-ե-18

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-940-03.02.2016-ՊԻ-010/0), ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-9401 -03.02.2016-ՊԻ-010/0), ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-9402 -03.02.2016-ՊԻ-010/0) եւ ««Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-9403 -03.02.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ազգային հանձնաժողովի անդամները չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ, իրենց կարգավիճակը գործադրել ի շահ որեւէ կուսակցության կամ հասարակական կազմակերպության: Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Նախագծին կից ներկայացված հիմնավորումից բխում է, որ նշված լրացման անհրաժշտությունը պայմանավորվում է նաեւ օրենքը ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների 197-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Իսկ ««Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով կատարվող լրացումների անհրաժեշտությունը բխում է նաեւ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների 199-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից: Նշված նախագծի 3-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, որոնց համաձայն. « Դատախազության, Հեռուստատեսության եւ ռադիոյի , Հաշվեքննիչ պալատի եւ Կենտրոնական բանկի մասին օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը եւ ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը »:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նշված օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները չեն համապատասպանում ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի 5-րդ մասին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

2. ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է ճիշտ նշել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը: Այդ առումով Նախագծի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 06-ի ՀՕ-112 օրենքի» բառերն անհրաժեշտ է փոխարինել ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 06-ի ՀՕ-112 օրենքի» բառերով:

Նույնը վերաբերում է նաեւ ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (այստեղ անհրաժեշտ է ճշգրել նաեւ օրենքի թիվը՝ «ՀՕ-18» բառերը փոխարինելով «ՀՕ-18-Ն» բառերով), ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (այստեղ էլ «ՀՕ-4» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ՀՕ-4-Ն» բառերով) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին:

3. ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող լրացումն անհրաժեշտ է կատարել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի ոչ թե 4-րդ (այն վերաբերում է հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներին), այլ 1-ին մասում: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն՝ իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ` տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                        Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)