«09» մարտի 2016թ.                                                                                                       ԻՎ-ե-21

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-952-19.02.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրականտեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1.«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` իրավական ակտերի նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը: Ուստի, առաջարկում ենք Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում ամրագրել «ՆԱԽԱԳԻԾ» բառը:

2.«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ եւ 6-րդ մասերի համաձայն` իրավական ակտի լեզուն պետք է լինի պարզ, հստակ եւ մատչելի, իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «փրկարարներին փոխհատուցվում են պետության կողմից» բառերը փոխարինել «փրկարարներին պետության կողմից տրվում է փոխհատուցում» բառերը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                                Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)