«23» մարտի 2016թ. ԻՎ-ե-28
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-954-25.02.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները: Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին: Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը: 1. Նախագծի 1-ին հոդվածի «ՀՕ-308-ն» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՀՕ-308» բառերով՝ ճիշտ նշելու համար «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի թիվը: Նույն հոդվածում նշված «ավելացնել» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով: 2. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն` խմբակցության կազմի, անվանման փոփոխության, ինչպես նաեւ գործունեության դադարման եւ վերականգնման մասին գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Այդ լրացումը կհակասի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին, որի համաձայն. «1. Խմբակցություններն ստեղծվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հետեւյալ սկզբունքին համապատասխան? ա) համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում»: Նմանատիպ մոտեցում է ամրագրված նաեւ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 105-րդ հոդվածում (ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 209-րդ հոդվածի համաձայն՝ 105-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից), որի համաձայն՝ խմբակցության մեջ ընդգրկվում են միայն միեւնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորները: Այստեղ գործում է այն տրամաբանությունը, որ ժողովուրդն է իր քվեով որոշում այն կուսակցություններին կամ դաշինքներին, որոնք անցնում են խորհրդարան, այսինքն՝ ժողովուրդը ձայն է տալիս հենց այդ անունը կրող կուսակցությանը կամ դաշինքին, հետեւաբար տվյալ գումարման ընթացքում խորհրդարանական խմբակցությունները պետք է նույնանուն լինեն համապատասխան կուսակցությանը կամ դաշինքին: Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
|