«31» մարտի 2016թ.
ԻՎ-ե-30
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կայացման մասին» (փաստաթղթային կոդ` Պ-958-02.03.2016-ՊԻ-012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կայացման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Հայ ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված եւ միջազգային մի շարք կառույցների կողմից (Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) հավանության արժանացած ՀՀ Սահմանադրության նախաբանը եւ 1-ին հոդվածը հռչակում են, որ հայ ժողովուրդը, հիմնադրելով հայոց պետականությունը, նրա հիմնարար ու անփոփոխելի սահմանադրական բնութագրեր է համարել ինքնիշխանությունը, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետությունը: Որպես սահմանադրական ամրագրում ունեցող հիմնարար սկզբունքներ՝ դրանք առավել ընդհանուր ու ելակետային են, որոշում են պետության կազմակերպման ու գործունեության մյուս սկզբունքները, ինչպես նաեւ պետության սոցիալական էությունը եւ առաքելությունը, պետության կազմակերպման եւ գործունեության ելակետային, հիմնական հարցերը (գործառույթները, կառուցվածքը, լիազորությունները եւ այլն):

Նախագծում արտահայտված այն դիրքորոշումների վերաբերյալ, որ «չի հաջողվել ստեղծել հանրապետական կառավարման արդյունավետ ինստիտուտներ», «այդ ինստիտուտները դեռ չեն գործում», «քաղաքացիական եւ քաղաքական ազատությունները հիմնականում մնացել են անհասանելի», «գործունեությամբ զբաղվելու ազատ ընտրության հնարավորությունը սահմանափակված է» եւ «Հայաստանի Հանրապետությունը բռնապետություն է», հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են հանրապետական կառավարման արդյունավետ ինստիտուտներ: Այդ ինստիտուտները ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ: ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով երաշխավորված եւ պաշտպանված են քաղաքացիական եւ քաղաքական ազատությունները, որոնց երաշխավորը հենց Հայաստանի Հանրապետությունն է՝ իր հանրապետական կառավարման ինստիտուտներով: 

Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները եւ ազատություններն երաշխավորվում եւ պաշտպանվում են ինչպես ՀՀ Սահմանադրությամբ (գլուխ 2), այնպես էլ ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր՝ 10.12.1948թ., «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիր՝ 16.12.1966թ., «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային դաշնագիր»՝ 16.12.1966թ. եւ այլն) եւ ՀՀ գործող մի շարք օրենքներով (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ ընտրական օրենսգիրք, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք եւ այլն): 

Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է: Ժողովրդավարությունն ենթադրում է որպես պետության ձեւ, որպես պետաքաղաքական կամ պետաիրավական ռեժիմ, որպես պետական մարմինների եւ հասարակական կազմակերպության կազմակերպման եւ գործունեության սկզբունք: Ժողովրդավարությունը պետական ռեժիմի տարատեսակ է: Օբյեկտիվորեն ժողովուրդը չի կարող ինքն իրականացնել իրեն պատկանող իշխանությունն ամբողջ ծավալով, ուստի իր լիազորությունների մի մասը պատվիրակում է պետական մարմիններին: Սակայն նա շարունակում է մասնակցել հասարակության եւ պետության գործերի կառավարմանը` ինչպես անմիջականորեն, այնպես էլ ներկայացուցչական մարմինների միջոցով: Հետեւաբար` ժողովրդավարական պետությունը ժողովրդի իշխանության քաղաքական կազմակերպությունն է, որն ապահովում է քաղաքացիների հավասար մասնակցությունը պետական եւ հասարակական գործերի կառավարմանը, պետության հիմնական մարմինների ընտրովիությունը եւ հասարակության քաղաքական համակարգի բոլոր սուբյեկտների գործողության օրինականությունը, մարդու եւ քաղաքացու, փոքրամասնությունների իրավունքների կենսագործումը, պահպանությունը եւ պաշտպանությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան: 

ՀՀ սահմանադրական ժողովրդավարության իրական վիճակը բնութագրվում է մի շարք հիմնարար չափանիշներով: Այդ չափանիշների մեջ առանձնապես կարեւորվում են՝ ընտրական համակարգի կենսունակությունը, իրավունքի գերակայության երաշխավորումը, իշխանությունների իրական բաժանումն ու հավասարակշռումը եւ դատական իշխանության անկախության աստիճանը, մամուլի ու խոսքի ազատությունը եւ այլն:

Որպես ժողովրդավարական պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչված է աշխարհի բազմաթիվ ժողովրդավարական պետությունների կողմից: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է նաեւ մի շարք միջազգային կառույցների (Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ եւ այլն), որոնց Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական ինստիտուտներ չունենալու պարագայում պարզապես չէր կարող անդամակցել: 

2. Օրենսդրական տեխնիկային համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

Նախագծի 3-րդ պարբերությունում նշված «ՀՀհհհհհ Հանրապետության» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները: 

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` 

Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)