«14» ապրիլի 2016թ. 
ԻՎ-ե-37

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-962-12.03.2016-ՏՀ-010/0), ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9621 -12.03.2016-ՏՀ-010/0), ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9622 -12.03.2016-ՏՀ-010/0) եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9623 -12.03.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ  ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում նշված «փոփոխություն» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություններ» բառով, քանի որ նախագծով կատարվում է երկու փոփոխություն: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, որոնց համաձայն՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին»:

2. Նախագծի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 8-րդ հոդվածներում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, բացի այդ, նախագծի 3-րդ հոդվածում նշված «պարբերությունով» բառն անհրաժեշտ է փոխարինել «պարբերությամբ» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

3. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ 416.1-րդ եւ 416.2-րդ հոդվածների համարներն անհրաժեշտ է տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածով լրացվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780.1-րդ հոդվածին, ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենքի 10.1-րդ հոդվածին:

4. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ 416.2-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է վերաշարադրել, քանի որ ներկայացված խմբագրությամբ ստացվում է, որ երրորդ անձանց միջեւ կնքված պայմանագրերից ծագող պարտավորությունների համար պատասխանատվությունից ազատվում է ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը, ինչը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներին, քանի որ ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը, ըստ էության, իրենից ներկայացնում է տեխնիկական ապահովում, էլեկտրոնային գործիք, որը չի կարող հանդես գալ որպես քաղաքացիական իրավունքի, հետեւաբար՝ նաեւ քաղաքացիաիրավական պատասխանատվության սուբյեկտ:

Ուստի առաջարկում ենք 416.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «1. Ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածը, որը ծառայում է որպես երրորդ անձանց համար պայմանագրերի կնքման եւ/կամ կատարման հարթակ (էլեկտրոնային առեւտրային հարթակ), շահագործողը երրորդ անձանց միջեւ կնքված պայմանագրերից ծագող պարտավորությունների համար պատասխանատվություն չի կրում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, էլեկտրոնային առեւտրային հարթակը շահագործողի ու երրորդ անձի միջեւ կնքված պայմանագրով:»:

5. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենսգրքի 416.2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «հարթակի» բառն անհրաժեշտ է փոխարինել «հարթակը» բառով, իսկ 8-րդ հոդվածով լրացվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780.1-րդ հոդվածի 1-ին մասում նշված «հարթակ» բառը՝ «հարթակը» բառով, ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «հաղորդակցություն» բառը՝ «հաղորդակցությունն» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

6. Նախագծի 2-րդ, 6-րդ  հոդվածներում նշված «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

7. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 451-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող պարբերությունը «տեղեկատվական համակարգին» բառերից հետո լրացնել «, եթե այն հնարավորություն է ընձեռում հստակ որոշելու օֆերտայի հայտնաբերման պահը» բառերով, քանի որ տարբեր էլեկտրոնային համակարգերի առանձնահատկություններից ելնելով միշտ չէ, որ հնարավոր է հստակ որոշել եւ/կամ ապացուցել, թե հասցեատիրոջ կողմից որ պահին է հայտնաբերվել համապատասխան օֆերտան: Ստացված օֆերտային պատասխանելը, կամ այլ կերպ ասած՝ ակցեպտ ուղարկելը, օֆերտա ներկայացրած անձի համար առաջացնում է օֆերտայում նշված պայմաններով պայմանագիր կնքելու պարտականություն, եթե ակցեպտը ստացվել է սահմանված ժամկետներում: Հետեւաբար, այն իրավիճակում, երբ օֆերտան ստանալու, հետեւաբար նաեւ դրան ակցեպտ ներկայացնելու պահը հաշվարկելու համար ելակետ է ընդունվում օֆերտայի հայտնաբերման պահը, եւ եթե այն հստակ ապացուցել հնարավոր չէ, ապա օֆերենտի եւ ակցեպտանտի միջեւ տարաձայնություններն անխուսափելի են դառնում: Նման իրավիճակում կողմերի միջեւ ծագող վեճերը կարող են անհարկի բարդեցնել էլեկտրոնային հարթակների միջոցով առեւտրի կազմակերպումը:

8. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարվող լրացման մեջ անհրաժեշտ է «վրիպակի, գրասխալի կամ թվաբանական սխալի հայտնաբերման պահից» բառերը փոխարինել «օֆերտայի կամ ակցեպտի ստացման պահից» բառերով: Սույն առաջարկությունը հիմնավորվում է պրակտիկայում վրիպակի, գրասխալի կամ թվաբանական սխալի հայտնաբերման պահը որոշելու անհնարինությամբ:

9. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 517-րդ հոդվածի 1-ին մասի «վերադարձնել» բառից հետո հանել «եւ» շաղկապը, քանի որ գնորդը չի կարող միաժամանակ եւ վերադարձնել, եւ փոխարինել գնված ապրանքը: Նույն հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք հստակեցնել այն իրավական ակտը, որին թողնվում է համապատասխան ապրանքների ցանկը սահմանելու իրավունքը: Օրենքում այլ իրավական ակտերին այլընտրանքային հղումներ կատարելը չի բխում իրավական որոշակիության սկզբունքից:

10. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածով լրացվող 780.1-րդ հոդվածի 1-ին մասը «ներկայացվող բովանդակության» բառերը փոխարինել «ներկայացվող հայտարարության բովանդակության» բառով, քանի որ օգտատերերին ներկայացվում է ոչ թե բովանդակություն, այլ հայտարարություն, որն ունի որոշակի բովանդակություն:

11. Նախագծի 9-րդ հոդվածում նշված «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին եւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածին:

12. ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «ՀՕ 129-Ն» թիվն անհրաժեշտ է փոխարինել «ՀՕ-129-Ն» թվով, ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում՝ «ՀՕ 134-Ն» թիվը՝ «ՀՕ-134-Ն» թվով, իրավական ակտի թիվը ճիշտ նշելու անհրաժշետությունից ելնելով:

13. ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ժէ» կետում կիրառվում է «հեռուստատեսային խանութներ» հասկացությունը, մինչդեռ պարզ չէ նշված հասկացության իրավական բովանդակությունը: Հետեւաբար առաջարկում ենք օրենքում նախատեսել «հեռուստատեսային խանութներ» հասկացության սահմանումը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում, ինչպես նաեւ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենքի 10.1-րդ հոդվածի 5-րդ մասում կիրառվող «հեռուստատեսային առեւտուր» հասկացությանը:

14. ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում «Օրենքի» բառն անհրաժշետ է փոխարինել «սույն օրենքի» բառերով, քանի որ նշված մասում խոսքը «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասին է:

15. ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի «հրապարակմանը» բառն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 
 
 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`
Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)