«14» ապրիլի 2016թ.
ԻՎ-ե-39

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-964-16.03.2016-ՄԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

1. Նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է հղում կատարել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ոչ թե 3-րդ կետին, այլ 3-րդ մասին: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանարպետության օրենքները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի:

2. Նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է «հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ համապատասխանեցնելով այն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխության մեջ «չափահաս ՀՀ քաղաքացին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության չափահաս գործունակ քաղաքացին» բառերով:

Սույն առաջարկի ընդունմամբ՝

1)   Նախագիծը կհամապատասխանեցվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասին, որի համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները,

2)   Նախագիծը կհամապատասխանեցվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասին, որի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ,

3)   հաշվի կառնվի այն հանգամանքը, որ, թեեւ չափահաս լինելու պահանջը ենթադրում է նաեւ քաղաքացու մոտ լրիվ գործունակության առկայություն, սակայն չափահասությունից հետո անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու հինքերը նախատեսված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածն անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելը դիտարկում է որպես լիազորագրի դադադրման հիմք:

4. Անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը խմբագրվել է ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-339-Ն օրենքով: Նշված փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է որակյալ դատական ներկայացուցչության եւ որակյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրման հանգամանքով:

Այսպես՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի գործող 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը, որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն միայն փաստաբանին իրավազորելը բխում է անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար անհրաժեշտ իրավական նախադրյալներ ստեղծելու, դատարան դիմելու իրավունքի երաշխավորման եւ պետության կողմից այդ իրավունքի իրացման համար արդյունավետ միջոցներ եւ պայմաններ ստեղծելու պետության պոզիտիվ պարտականությունից:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 2008 թվականի հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշմամբ հարկ է համարել ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 1-ին մասի ընկալմամբ՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է, նախ՝ որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ՝ պետության պարտավորությունը՝ որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն: Պետության նշված պարտավորությունը ենթադրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է փաստաբանի պարտադիր ներկայացուցչություն կամ այն բխում է դատավարության շահերից, յուրաքանչյուր կարիքավոր պետք է իրավունք ունենա ստանալու իրավաբանական որակյալ օգնություն: Դա բխում է արդարադատության իրականացման բնագավառում իրավաբանական ծառայության մատուցման եվրոպական փորձից, ինչպես նաեւ իրավաբանների եւ իրավաբանական ծառայության մատչելիության վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված սկզբունքներից:

Ավելին, ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների 64-րդ հոդվածի համաձայն.

«1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով»:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը 2016 թվականի ապրիլի 5-ի իր ՍԴՈ-1263 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթը սահմանում է դատական ներկայացուցչության իրականացման ընդհանուր կանոնը, այն է՝ դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձեւակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի: Օրենսդիրն այս ընդհանուր կանոնից բացառություն է նախատեսում` Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությամբ ամրագրելով «բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» դրույթը եւ օրենքի 5-րդ հոդվածում շարադրելով դատական ներկայացուցչության իրականացման՝ ընդհանուր կանոնից տաբերվող դրույթները:

Վերը նշված դրույթների վերլուծությունից հետեւում է, որ ցանկացած գործունակ քաղաքացի, եթե առկա չէ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերից որեւէ մեկը, կարող է իրականացնել դատական ներկայացուցչություն: Ինչ վերաբերում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերին, որոնք դատական ներկայացուցչության իրականացման բնագավառում հանդես են գալիս որպես բացառություններ, ամրագրված են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում:

Ընդ որում՝ դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը`որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն, կարող է իրականացնել միայն փաստաբանը:

Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ միայն փաստաբանի կողմից պարբերաբար կամ վճարովի հիմունքներով ծառայություն մատուցելու օրենսդրական պահանջը բխում է փաստաբանական գործունեության ձեռնարկատիրական բնույթից, «ծառայություն» եզրույթի բովանդակությունից, որոնց համար հատկանշական են պարբերականությունը եւ վճարովիությունը, ինչպես նաեւ նման ծառայություն մատուցողի հանդեպ համարժեք պատասխանատվության երաշխիքների ապահովման անհրաժեշտությունից:

Միաժամանակ, սահմանադրական դատարանը սահմանել է, որ միայն փաստաբանի միջոցով դատական ներկայացուցչության իրականացման օրենսդրական պահանջն ամրագրելով` օրենսդիրը ոչ միայն ապահովում է Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի երաշխավորման իր պոզիտիվ պարտականությունը, այլեւ երաշխավորում է որակյալ իրավաբանական օգնություն՝ դրանով իսկ երաշխավորելով իրավական պետությանը հարիր՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը՝ ամրագրված Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում:

Ավելին, փաստաբանի կողմից դատական ներկայացուցչություն իրականացնելը, ի համեմատ ֆիզիկական անձի, բացի որակից, ունի նաեւ այլ դրական կողմեր՝

1. փաստաբանը կաշկանդված է փաստաբանական գաղտնիքով.

2. փաստաբանը պարտավոր է պահպանել Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը, իսկ այն խախտելու դեպքում Պալատը նրան կարգապահական պատասխանատվության կենթարկի.

3. փաստաբանը կարող է միակողմանի դադարեցնել մատուցվող ծառայությունը միայն որոշակի դեպքերում.

4. դատարանն իրավասու չէ փաստաբանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա տուգանքի կամ նիստերի դահլիճից հեռացման տեսքով.

5. փաստաբանական գործունեության խոչընդոտելն առաջացնում է ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն (ՀՀ քրեական օրենսգրքի 3323 -րդ հոդված), եւ այլն:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկներ չկան:
 
 
 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`
Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Կատարողներ` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)
                       Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)