ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները: Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: 1. Նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է հղում կատարել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ոչ թե 3-րդ կետին, այլ 3-րդ մասին: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանարպետության օրենքները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի: 2. Նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է «հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ համապատասխանեցնելով այն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին: 3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխության մեջ «չափահաս ՀՀ քաղաքացին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության չափահաս գործունակ քաղաքացին» բառերով: Սույն առաջարկի ընդունմամբ՝ 1) Նախագիծը կհամապատասխանեցվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասին, որի համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները, 2) Նախագիծը կհամապատասխանեցվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասին, որի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ, 3) հաշվի կառնվի այն հանգամանքը, որ, թեեւ չափահաս լինելու պահանջը ենթադրում է նաեւ քաղաքացու մոտ լրիվ գործունակության առկայություն, սակայն չափահասությունից հետո անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու հինքերը նախատեսված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածն անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելը դիտարկում է որպես լիազորագրի դադադրման հիմք: 4. Անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը խմբագրվել է ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-339-Ն օրենքով: Նշված փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է որակյալ դատական ներկայացուցչության եւ որակյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրման հանգամանքով: Այսպես՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի գործող 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը, որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն միայն փաստաբանին իրավազորելը բխում է անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար անհրաժեշտ իրավական նախադրյալներ ստեղծելու, դատարան դիմելու իրավունքի երաշխավորման եւ պետության կողմից այդ իրավունքի իրացման համար արդյունավետ միջոցներ եւ պայմաններ ստեղծելու պետության պոզիտիվ պարտականությունից: ՀՀ սահմանադրական դատարանն իր 2008 թվականի հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշմամբ հարկ է համարել ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 1-ին մասի ընկալմամբ՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է, նախ՝ որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ՝ պետության պարտավորությունը՝ որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն: Պետության նշված պարտավորությունը ենթադրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է փաստաբանի պարտադիր ներկայացուցչություն կամ այն բխում է դատավարության շահերից, յուրաքանչյուր կարիքավոր պետք է իրավունք ունենա ստանալու իրավաբանական որակյալ օգնություն: Դա բխում է արդարադատության իրականացման բնագավառում իրավաբանական ծառայության մատուցման եվրոպական փորձից, ինչպես նաեւ իրավաբանների եւ իրավաբանական ծառայության մատչելիության վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված սկզբունքներից: Ավելին, ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների 64-րդ հոդվածի համաձայն. «1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին: 2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով»: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը 2016 թվականի ապրիլի 5-ի իր ՍԴՈ-1263 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթը սահմանում է դատական ներկայացուցչության իրականացման ընդհանուր կանոնը, այն է՝ դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձեւակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի: Օրենսդիրն այս ընդհանուր կանոնից բացառություն է նախատեսում` Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությամբ ամրագրելով «բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» դրույթը եւ օրենքի 5-րդ հոդվածում շարադրելով դատական ներկայացուցչության իրականացման՝ ընդհանուր կանոնից տաբերվող դրույթները: Վերը նշված դրույթների վերլուծությունից հետեւում է, որ ցանկացած գործունակ քաղաքացի, եթե առկա չէ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերից որեւէ մեկը, կարող է իրականացնել դատական ներկայացուցչություն: Ինչ վերաբերում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերին, որոնք դատական ներկայացուցչության իրականացման բնագավառում հանդես են գալիս որպես բացառություններ, ամրագրված են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում: Ընդ որում՝ դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը`որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն, կարող է իրականացնել միայն փաստաբանը: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ միայն փաստաբանի կողմից պարբերաբար կամ վճարովի հիմունքներով ծառայություն մատուցելու օրենսդրական պահանջը բխում է փաստաբանական գործունեության ձեռնարկատիրական բնույթից, «ծառայություն» եզրույթի բովանդակությունից, որոնց համար հատկանշական են պարբերականությունը եւ վճարովիությունը, ինչպես նաեւ նման ծառայություն մատուցողի հանդեպ համարժեք պատասխանատվության երաշխիքների ապահովման անհրաժեշտությունից: Միաժամանակ, սահմանադրական դատարանը սահմանել է, որ միայն փաստաբանի միջոցով դատական ներկայացուցչության իրականացման օրենսդրական պահանջն ամրագրելով` օրենսդիրը ոչ միայն ապահովում է Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի երաշխավորման իր պոզիտիվ պարտականությունը, այլեւ երաշխավորում է որակյալ իրավաբանական օգնություն՝ դրանով իսկ երաշխավորելով իրավական պետությանը հարիր՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը՝ ամրագրված Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում: Ավելին, փաստաբանի կողմից դատական ներկայացուցչություն իրականացնելը, ի համեմատ ֆիզիկական անձի, բացի որակից, ունի նաեւ այլ դրական կողմեր՝ 1. փաստաբանը կաշկանդված է փաստաբանական գաղտնիքով. 2. փաստաբանը պարտավոր է պահպանել Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը, իսկ այն խախտելու դեպքում Պալատը նրան կարգապահական պատասխանատվության կենթարկի. 3. փաստաբանը կարող է միակողմանի դադարեցնել մատուցվող ծառայությունը միայն որոշակի դեպքերում. 4. դատարանն իրավասու չէ փաստաբանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա տուգանքի կամ նիստերի դահլիճից հեռացման տեսքով. 5. փաստաբանական գործունեության խոչընդոտելն առաջացնում է ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն (ՀՀ քրեական օրենսգրքի 3323 -րդ հոդված), եւ այլն: Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկներ չկան:
|