«04» ապրիլի 2016թ. ԻՎ-ե-33

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-965-17.03.2016-ԱՄ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9651 -17.03.2016-ԱՄ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածի 1-ին մասի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել, 2-րդ մասում եւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝ «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով, իսկ 3-րդ հոդվածի 2-րդ մասում եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի 1-ին հոդվածում՝ «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով:

Սույն կետում նշված առաջարկությունները բխում են Փաթեթն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-3-րդ մասերին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Կինը չի կարող հանդես գալ որպես փոխնակ մայր, եթե`

1) առկա է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված բժշկական հակացուցումներից որեւիցե մեկը,

2) նախկինում առնվազն երկու անգամ հանդես է եկել որպես փոխնակ մայր:»:

Նման շարադրանքից բխում է, որ թվարկված երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է միայն, որ կինը չի կարող հանդես գալ որպես փոխնակ մայր, մինչդեռ իրականում այս պայմաններից գեթ մեկի առկայությունն էլ բավական է, որպեսզի նրան արգելվի հանդես գալ որպես այդպիսին: Ուստի առաջարկում ենք 1-ին մասի «որեւիցե մեկը,» բառերը փոխարինել «որեւիցե մեկը, կամ» բառերով: Սույն առաջարկությունն ընդունելու դեպքում պայմանները միմյանցից կբաժանվեն «կամ» շաղկապով, որպիսի դեպքում, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, տվյալ նորմի կիրառման համար բավական կլինի թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)