ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ««Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-971-25.03.2016-ԳԲ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները: Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին: Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը: 1. Նախագծի 1-6-րդ եւ 8-րդ հոդվածոներում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել, իսկ 3րդ հոդվածի 4-րդ մասում՝ «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով: Սույն կետում նշված առաջարկությունները բխում են Նախագիծն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-3-րդ մասերին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից: 2. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերում առաջարկում ենք «տաս» բառը փոխարինել «տասը» բառով: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները: Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
|