«19» ապրիլի 2016թ.  
ԻՎ-ե-42

                                                                                                      

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-981-04.04.2016-ԳԿ-010/0), ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9811 -04.04.2016-ԳԿ-010/0) եւ ««Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9812 -04.04.2016-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված լինելու տեսանկյունից նշենք, որ փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքում ներառվել են նաեւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 3-5-րդ հոդվածները, որոնցում Փաթեթով փոփոխություններ չեն կատարվում:

Փաթեթի վերաբերյալ հայտնում ենք հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

1. Առաջարկում ենք նկատի ունենալ այն հանգամանքը, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքներով՝ համայնքների եկամուտների նվազեցումը եւ ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից եւ հարկի վերացումից) եւ օրենքով սահմանված այլ դեպքերի:

Նույն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝ պետությունն իր ընդունած օրենքներով չի կարող ավելացնել համայնքի պարտադիր լիազորությունները կամ նվազեցնել եկամուտները` առանց համապատասխան ֆինանսական փոխհատուցման սույն օրենքի 67-րդ հոդվածի համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

2. ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարակում ենք հանել, իսկ 2-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերում եւ ««Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով: Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «1.1-րդ եւ 1.2-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ 1.1-րդ եւ 1.2-րդ մասերով» բառերով: Սույն կետում արված առաջարկությունները բխում են Փաթեթն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

3. Նախագծի 2-րդ հոդվածով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասն առաջարկում ենք համարակալել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկներ չկան:
 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` 
Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)