«28» հունիսի 2016թ. ԻՎ-ե-67
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1014-01.06.2016-ՊԻ-010/0) եւ ««Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10141 -01.06.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:
Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում նշված (այսուհետ՝ Օրենք) բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ Նախագիծը ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքին այլեւս հղում չի պարունակում:
2. Նախագծի 1-ին հոդվածում նշված «լրացնել 6-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «լրացնել նոր՝ 6-րդ կետով» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր կետեր լրացնելու միջոցով:
Նույնը վերաբերում է նաեւ ««Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մաս» բառերին, ինչպես նաեւ 2-րդ հոդվածում նշված «լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մաս» բառերին:
3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժե շ տ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն. «Իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների , բացառությամբ նրա առանձին մասերը վերացված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքերի, գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա , եթե սույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաեւ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ»:
Նույնը վերաբերում է նաեւ ««Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասին:
4. Ակնկալվում է, որ Փաթեթի ընդունմամբ կբացառվեն այն դեպքերը, երբ պարտապան ֆիզիկական անձն իր ողջ գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում զրկվում է նվազագույն պայմաններին համապատասխանող բնակարան ունենալու հնարավորությունից: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ Փաթեթի ընդունումը, լուծելով սոցիալական որոշակի խնդիր, կառաջացնի ոչ պակաս կարեւոր մեկ այլ խնդիր, քանի որ նույնիսկ ամրագրվող` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը պարտապանին վերադարձնելու դեպքում էլ, բնականաբար, բանկերը եւ վարկային կազմակերպությունները կխուսափեն միակ բնակարանի գրավադրմամբ կամ հիփոթեքային վարկերի տրամադրումից` նպատակ ունենալով ապահովագրել իրենց անհուսալի կրեդիտորական պարտավորությունների կուտակման ռիսկից: Արդյունքում վարկային շուկայում կտրուկ կնվազեն բնակարանների գրավադրմամբ, ինչպես նաեւ հիփոթեքային վարկերի տրամադրման ծավալները` անկախ այդ վարկերի տոկոսադրույքների ցածր մակարդակից կամ գրավիչ լինելու հանգամանքից: Հետեւաբար, Փաթեթի ընդունումը ՀՀ վարկային շուկայի վրա կունենա էական բացասական ազդեցություն, այդ թվում` նաեւ պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող բնակարանային շինարարության մասով:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)