«13» հունիսի 2016թ. ԻՎ-ե-62
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1016-06.06.2016,09.06.2016-ՏՏ-010/0) եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10161 -06.06.2016,09.06.2016-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:
Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում անհրաժեշտ է «փոփոխություններ» բառը փոխարինել «փոփոխություններ եւ լրացումներ» բառերով, քանի որ Նախագծով առաջարկվում են ոչ միայն փոփոխություններ, այլեւ լրացումներ:
2. Նախագծի 1-ին, 3-4-րդ, 6-13-րդ եւ 20-րդ հոդվածներում, ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածումառաջարկում ենք «հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:
3. Նախագծի 14-րդ հոդվածում «17.82-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ 17.82-րդ հոդվածով» բառերով:
Նմանատիպ փոփոխություններ անհրաժեշտ է կատարել նաեւ Նախագծի 15-19-րդ եւ 21-24-րդ հոդվածներում:
Սույն կետով կատարված առաջարկության անհրաժեշտությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասից, որի համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)