«13» հունիսի 2016թ. ԻՎ-ե-63
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1021-10.06.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ««Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:
Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք)» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքի» բառով, քանի որ՝
1) «Հայաստանի Հանրապետության» բառերը նախքան այդ արդեն նշված են իրենց ճիշտ տեղում,
2) «(այսուհետ՝ Օրենք)» բառերն ավելորդ են, քանի որ Նախագիծն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին հղում այլեւս չի պարունակում:
2. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ 3-րդ մասով» բառերով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:
3. Նախագծի 1-ին հոդվածի «անձնական տվյալների փոխանցման կարգը իրականացվում է» բառերն առաջարկում ենք փոխարինել «անձնական տվյալների փոխանցումն իրականացվում է» բառերով:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)