«15» օգոստոսի 2016թ.                                                                                                    ԻՎ-ե-73

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բռնադատվածների մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1039-18.07.2016-ՄԻ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-10391 -18.07.2016-ՄԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բռնադատվածների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին, 2-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ եւ 16-րդ հոդվածներում միակ մասն անհրաժեշտ է համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

2. Նախագծի 2-րդ հոդվածի «փոխհարաբերությունները» բառն առաջարկում ենք փոխարինել «իրավահարաբերությունները» բառով:

3. Նախագծի 4-րդ հոդվածում խոսվում է «հատուկ բնակավայրեր» ուղարկվելու, աքսորվելու, դրանցում պատիժ կրելու մասին, մինչդեռ պարզ չէ, թե ինչ բնակավայրերի մասին է խոսքը:

4. Նախագծի 6-րդ հոդվածը «մասին»» բառից հետո առաջարկում ենք լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով: Նույնը վերաբերում է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 49919 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին:

5. Նախագծի 9-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասության համաձայն՝ բնակարանային անհատական շինարարության համար ներկայացրած հայտերի քննարկման, ինչպես նաեւ վարկեր տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եռամսյա ժամկետում ։

Պարզ չէ, թե երբվանից սկսած եռամսյա ժամկետում է կառավարությունը սահմանում այդ կարգը:

6. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «օրենսդրությամբ» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենքով» բառով:

7. Նախագծի 16-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով»:

Նման ձեւակերպումից պարզ չէ, թե կոնկրետ որ դրույթների խախտման համար ինչպիսի պատասխանատվություն է նախատեսված:

8. Նախագծի 17-րդ հոդվածի 3-րդ մասի «իրավաբանական հետեւանքներ» բառերն առաջարկում ենք փոխարինել «իրավական հետեւանքներ» բառերով:

9. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «Քրեական դատավարության Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի» բառերով:

Սույն առաջարկության ընդունմամբ նախ՝ կիրացվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը եւ օրենսգրքի վերնագիրը, երկրորդ՝ կհանվեն «այսուհետ՝ Օրենսգիրք» բառերը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին տվյալ նախագիծն այլեւս հղում չի պարունակում):

10. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:

11. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 49919 -րդ հոդվածի 2-րդ մասում եւ 3-րդ մասի 2-րդ կետում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել՝ դարձնելով «Հայաստանի Հանրապետության»: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-իդ մասից, որի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

12. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում հստակորեն նշված չեն բռնադատվածների արդարացման ընթացակարգն ու ժամկետները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                 Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)