ԵԶՐԱԿԱՑՈՒՅՈՒՆ ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1038-18.07.2016-ՖՎ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10381-18.07.2016-ՖՎ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10382-18.07.2016-ՖՎ-010/0) եւ ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10383-18.07.2016-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում: Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին: Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը: 1. ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում առաջարկում ենք «փոփոխություններ» բառը փոխարինել «փոփոխություն» բառով, քանի որ Նախագծում կատարվում է միայն մեկ փոփոխություն: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասից, որի համաձայն՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին: 2. Փաթեթն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխանեցնելու տեսանկյունից առաջարկում ենք՝ ա) Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով, բ) Նախագծի 2-րդ հոդվածում «10-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր՝ 10-րդ կետով» բառերով՝ նմանատիպ փոփոխություններ կատարելով նաեւ Նախագծի 3-րդ, 4-րդ, 6-րդ հոդվածներում, ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում, գ) Նախագծի 5-րդ հոդվածում «մասում՝» բառը փոխարինել «մասը» բառով, «ավելացնել՝» բառը՝ «լրացնել» բառով, իսկ «բառերը» բառը՝ «բառերով» բառով, դ) Նախագծի 7-րդ հոդվածից հանել «՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերը, ե) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով: 3. Նախագծի 4-րդ հոդվածով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում լրացվող 102.1-ին հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում, 5-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերում, ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «ՀՀ» հապավումը բացել՝ փոխարինելով այն «Հայաստանի Հանրապետության» բառերով: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասից, որի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ: 4. Նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասում «պետք է այդ մասին գրավոր կարգով տեղեկացնի» բառերն առաջարկում ենք փոխարինել «այդ մասին գրավոր կարգով տեղեկացնում է» բառերով: Նույն հոդվածում առաջարկում ենք հստակեցնել, թե ինչ ժամկետում է Կենտրոնական բանկը հարցում կատարող մարմնին գրավոր կարգով տեղեկացնում տեղեկատվության տրամադրման մերժման մասին: 5. Նախագծի 7-րդ հոդվածով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 211-րդ հոդվածում լրացվող 3.1-ին եւ 3.3-րդ մասերում առաջարկում ենք համապատասխանաբար «3.1» եւ «3.3» թվերը տեքստից բաժանել միջակետով: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասից, որի համաձայն՝ հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով: 6. Նախագծի 7-րդ հոդվածով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 211-րդ հոդվածում լրացվող 3.2-րդ մասում առաջարկում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նշանակվող տուգանքի չափը սահմանելիս կատարվող հաշվարկների հիմք է ընդունվում պատճառված վնասի չափը՝ տուգանքը սահմանելով դրա հանդեպ որոշակի տոկոսային թվով, միաժամանակ առավելագույն շեմ սահմանելով նվազագույն աշխատավարձի որոշակի բազմապատիկը: Կախված պատասխանատվության ենթարկվող սուբյետի կարգավիճակից՝ տուգանքի չափը պատճառված վնասի տոկոսային հարաբերությամբ սահմանելիս փոփոխվում է ավելանալով, իսկ առավելագույն շեմը մնում է անփոփոխ, եւ նախատեսվում է պահանջ, որ տվյալ տուգանքը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը: Առաջարկում ենք տվյալ առավելագույն շեմը եւս բարձրացնել՝ համապատասխան տոկոսային աճին զուգահեռ՝ ապահովելու համար տարբեր սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության տարբերակված սահմանաչափեր նախատեսելու տրամաբանության շարունակականությունը: 7. Նույն հոդվածով լրացվող 3.3-րդ մասից առաջարկում ենք հանել «լրացուցիչ» բառը, քանի որ տուգանքը չի դասակարգվում հիմնական եւ լրացուցիչ տեսակների: 8. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «18 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-528-Ն» բառերն առաջարկում ենք փոխարինել «2003 թվականի ապրիլի 18-ի» բառերով: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասից, որի համաձայն՝ օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը եւ օրենսգրքի վերնագիրը: 9. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 190.1-ին հոդվածի 1-ին մասում, 2-րդ եւ 3-րդ մասերի 1-ին կետերում անհրաժեշտ է հստակեցնել, թե ով է համապատասխանաբար զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր շահույթ ստացողը: Նույն կերպ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 190.2-րդ հոդվածի 1-ին մասում, 2-րդ եւ 3-րդ մասերի 1-ին կետերում անհրաժեշտ է նախ՝ «առաջացրել է» բառերը փոխարինել «պատճառել է» բառերով, երկրորդ՝ հստակեցնել, թե որ սուբյեկտին համապատասխանաբար զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելն է առաջացնում քրեական պատասխանատվոթյուն: 10. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 190.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «հինգ յոթ» բառերն առաջարկում ենք փոխարինել «հինգից յոթ» բառերով: 11. ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացվող 13.3-րդ հոդվածի միակ մասն առաջարկում ենք համարակալել: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասից, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Կատարող` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396) |