«26» օգոստոսի 2016թ.                                                                                                          ԻՎ-ե-77

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (փաստաթղթային կոդ՝ Կ-1041-21.07.2016-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10411 -21.07.2016-ՊԻ-010/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10412 -21.07.2016-ՊԻ-010/0), ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10413 -21.07.2016-ՊԻ-010/0) եւ ««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10414 -21.07.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 7-րդ մասում, 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 14-րդ հոդվածի 3-րդ մասում, 138-րդ հոդվածի 4-րդ մասում, 139-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում եւ 195-րդ հոդվածի 4-րդ մասում օգտագործվում է «իրավունքներ եւ օրինական շահեր» արտահայտությունը, մինչդեռ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունները հրաժարվել են «օրինական շահեր» հասկացությունից՝ օգտագործելով «իրավունքներ եւ ազատություններ» արտահայտությունը:

2. ՀՀ սահմանադրական դատարանն իր 2016 թվականի հունիսի 28-ի ՍԴՈ-1290 գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61, 63 եւ 78-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու եւ օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն: Նշված որոշաման 8-րդ կետի համաձայն ՝ «... Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորման համաձայն ՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները, սակայն վերջիններիս շարքում ներառված չէ բողոք ներկայացնելու ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության բացակայության դեպքը: Այսինքն` օրենսգրքի 213-րդ հոդվածի վիճարկվող դրույթը չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու հնարավորություն:

Հաշվի առնելով վերը նշվածը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձվում է առանց թույլ տրված խախտումը վերացնելու համար ժամկետ տրամադրելու, ինչն ինքնաբերաբար հանգեցնում է բողոքի ընդունման փաստացի մերժման», իսկ 9-րդ կետի համաձայն ՝ «Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի վերոհիշյալ անհամաչափ սահմանափակումներն օրենսդրի կողմից ամրագրվել են ոչ միայն քաղաքացիական դատավարության, այլ նաեւ քրեական եւ, մասամբ, վարչական դատավարությունների շրջանակներում, եւ վերաբերելի են դատական ակտերի ինչպես վերաքննության, այնպես էլ վճռաբեկության կարգով բողոքարկման ինստիտուտին»: Նշված գործով որպես պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ սահմանադրաիրավական վեճի առարկա խնդիրը հարթվել է Նախագծում, որով նախատեսվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը շարադրել նոր խմբագրությամբ, մասնավորապես՝ առաջարկվում է նախատեսել նաեւ վերադարձման հիմք՝ վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո եւ միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մաuին, եւ 15-օրյա ժամկետում այդ խախտումը վերացնելու դեպքում նորից բողոքը դատարան ներկայացնելու հնարավորություն: Մինչդեռ, Նախագծի 352-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքերը», իսկ 353-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե` վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է, կամ այն մերժվել է»: Թեեւ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1290 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները իրավունքի նմանությամբ պայմանավորված վերաբերելի են նաեւ վճռաբեկության կարգով բողոքների քննությանը, Նախագիծը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության բացակայության դեպքում չի նախատեսում այդ բացթողումն ուղղելով վճռաբեկ բողոքը նորից ներկայացնելու հնարավորություն, ինչն ինքնաբերաբար հանգեցնում է բողոքի ընդունման փաստացի մերժման, այն է՝ դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ, ոչ իրավաչափ սահմանափակման: Նշենք նաեւ, որ ներկայումս Վաչիկ Կարապետյանի, Լուսինե Ամիրբեկյանի եւ Գեղամ Մելիքսեթյանի անհատական դիմումների հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանում վիճարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականությունը:

3. Նախագծի 350-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը վճռաբեկ բողոքին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վկայակոչվող դատական ակտերը կցելու պահանջի մասով չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածների 1-ին մասերի, 78-րդ հոդվածի պահանջներին: Նման դիրքորոշում է հայտնել ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 2016 թվականի հուլիսի 12-ի ՍԴՈ-1293 որոշմամբ:

Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ վեճի առարկա իրավանորմի շրջանակներում վկայակոչվող դատական ակտերը բողոքին կցելու պահանջը ոչ իրավաչափ կերպով ծանրաբեռնում է բողոքաբերին: Ավելին, նման պահանջը ոչ միայն ոչ համարժեք սահմանափակում է դատարանի մատչելիության եւ դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների իրացումը, այլեւ Վճռաբեկ դատարանի կողմից իրավունքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրաիրավական գործառույթի արդյունավետ եւ ամբողջական իրացման առումով խոչընդոտ է հանդիսանում` հնարավորություն չտալով Վճռաբեկ դատարանին օրենքով սահմանված այլ հիմքերի բավարարման պարագայում վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ եւ իրականացնել արդարադատություն:

Վկայակոչվող դատական ակտերը կցելու պահանջ նախատեսելն այն պարագայում, երբ դրանք հասանելի են դատավարության կողմերին եւ ՀՀ վճռաբեկ դատարանին (այդ թվում` համացանցի համապատասխան պաշտոնական կայքէջերից օգտվելու միջոցով), հիմնավոր չէ: Պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների, Սահմանադրական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների, ինչպես նաեւ ստորադաս դատարանի դատական ակտերի հասանելիությունը: Ընդ որում, դա պետք է ապահովվի հավաստի եւ իրավաբանական առումով համարժեք թարգմանված եւ կոնկրետ պետական մարմնի կողմից հաստատված տեքստերի միջոցով: Օրենքի պահանջը` մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը վկայակոչող բոլոր ակտերը բողոքին կցելու վերաբերյալ, երբ, մի կողմից` դրանք մի քանի տասնյակ էջեր են կազմում ու համաձայն իրավակիրառ պրակտիկայի` պետք է թարգմանաբար ներկայացվեն (նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերենով), մյուս կողմից` սահմանափակ է բողոք ներկայացնելու ժամկետը կամ դրա ձգձգումը կարող է դիմողի համար ունենալ անշրջելի բացասական հետեւանքներ, իրական վտանգ է ստեղծում արգելափակելու անձի արդար դատաքննության իրավունքի իրացումը (մասնավորապես, տես ՀՀ վճռաբեկ դատարանի 2016թ. ապրիլի 27-ի քաղաքացիական գործով թիվ ԵԱՔԴ/0229/02/16 որոշումը):

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 89-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում նշված «գյուղական համայնքում» եւ «գյուղական համայնքի» բառերն անհրաժեշտ է փոխարինել համապատասխանաբար «գյուղական բնակավայրում» եւ «գյուղական բնակավայրի» բառերով՝ նկատի ունենալով, որ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-148-Ն օրենքով «քաղաքային համայնք» եւ «գյուղական համայնք» հասկացությունները փոխարինվել են «համայնք» հասկացությամբ:

2. Նախագծով վերականգնվում է դատավորին բացարկ հայտնելու ինստիտուտը, ինչով հակասություններ են առաջանում ՀՀ դատական օրենսգրքի հետ, որտեղ շարունակում է գործել միայն դատավորի ինքնաբացարկի ինստիտուտը: Այս առումով անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ դատական օրենսգրքի համապատասխան հոդվածներում:

3. Նախագծի 336-րդ հոդվածը վերաքննիչ դատարանի համար նախատեսում է լիազորությունների ավելի մեծ ծավալ, քան ՀՀ դատական օրենսգրքի 48-րդ հոդվածը: Այս առումով անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ դատական օրենսգրքի 48-րդ հոդվածում:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «կիրառվում են» բառերն առաջարկում ենք փոխարինել «կարող են կիրառվել» բառերով, քանի որ նշված մասում խոսքը պետք է գնա դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցների կիրառելու իրավունքի, այլ ոչ թե պարտականության մասին:

2. Նախագծի 13-րդ հոդվածի 7-րդ մասում նշված «սահմանում է» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սահմանվում են» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

3. Նախագծի 24-րդ հոդվածի 7-րդ մասն առաջարկում ենք լրացնել վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս՝ մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նշում կատարելու մասին դրույթով:

4. Նախագծի 40-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ որպես վկա չեն կարող հարցաքննվել փաստաբանները՝ այն տեղեկությունների մասով, որոնք նրան հայտնի են դարձել կապված իրավաբանական օգնություն դիմելու կամ ցույց տալու հետ, մարդու իրավունքների պաշտպանը՝ գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս, դատավորը, արբիտրը կամ հաշտարարը իր կողմից կամ իր մասնակցությամբ քննված գործին վերաբերող քննարկումների առնչությամբ, ձեռնադրված հոգեւորական-խոստովանահայրը՝ գործի այն փաստերի մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ: Ստացվում է, որ նշված անձինք որպես վկա չեն կարող հարցաքննվել միայն իրենց «պաշտոնավարման» ժամանակ, իսկ օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանը, դատավորը եւ այլք պաշտոնից ազատվելու կամ ձեռնադրված հոգեւորական-խոստովանահայրը՝ սահմանված կարգով կարգալույծ արվելու դեպքում որպես վկա կարող են հարցաքննվել: Անհրաժեշտ է լրացնել նշում այն մասին, որ վերոթվարկյալները չեն կարող հարցաքննվել նաեւ այն ժամանակ, երբ այլեւս հանդես չեն գալիս որպես այդպիսիք՝ համապատասխան լիազորությունների իրականացման ժամանակահատվածում այդ լիազորությունների բերումով իրենց հայտնի դարձած տեղեկությունների վերաբերյալ: Նման օրինակ նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածում, որի 2-րդ մասի համաձայն՝ որպես վկա չի կարող կանչվել եւ հարցաքննվել լիազորությունները դադարեցված դատավորը:

5. Նախագծի 54-րդ հոդվածի 1-ին մասում նշված «գոյությունը» բառն անհրաժեշտ է փոխարինել «առկայությունը կամ բացակայությունը» բառերով՝ նկատի ունենալով Նախագծի 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

6. Նախագծի 57-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «դեպքի» բառն անհրաժեշտ է փոխարինել «դեպքերի» բառով, 78-րդ հոդվածի 5-րդ մասում նշված «պահպանության եւ տնօրինության» բառերը՝ «պահպանման եւ տնօրինման» բառերով, իսկ 113-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «պատճեն» բառը՝ «պատճենը» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

7.Նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը կամ հասցեատիրոջ հաշվառման հասցեում, մինչդեռ հստակ չէ, թե որ դեպքերում է ծանուցագիրը հանձնվում հասցեատիրոջ հաշվառման հասցեում: Ուստի անհրաժեշտ է Նախագծով հստակ սահմանել հասցեատիրոջ հաշվառման հասցեում ծանուցագիրը հաձնելու դեպքերը:

8.Նախագծի 93-րդ հոդվածի միակ մասն անհրաժեշտ է համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

9. Նախագծի 129-րդ հոդվածի վերնագրում նշված «հակընդդեմ հայց հարուցելը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հակընդդեմ հայցի հարուցումը» բառերով՝ համապատասխանեցնելու համար Նախագծի 112-րդ հոդվածի վերնագրին:

10. Նախագծի 136-րդ հոդվածի 1-ին մասում հստակ չէ, թե որն է այն անհրաժեշտ դեպքը երբ նախագահողը գործին մասնակցող անձանց պարզաբանում է նրանց դատավարական իրավունքները՝ նկատի ունենալով այն հանգամանը, որ Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանի համար սահմանված է պարտականություն, այն է. «Դատարանը, պահպանելով անկախություն, օբյեկտիվություն եւ անաչառություն, ղեկավարում է դատավարությունը, գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց պարզաբանում է նրանց իրավունքները եւ պարտականությունները », մինչդեռ Նախագծի 136-րդ հոդվածի 1-ին մասում գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքների պարզաբանումը թողնված է նախագահողի հայեցողությանը:

11. Նախագծի 145-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «Բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ նշված հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով հստակ սահմանված են գործի վարույթը վերսկսելու հիմքերը, ինչը ենթադրում է, որ եւ 1-ին մասով, եւ 2-րդ մասով նախատեսված հիմքով դատարանը վերսկսում է գործի վարույթը:

12. Նախագծի 176-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկում ենք լրացնել դրույթ, որի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճռի յուրաքանչյուր էջը ստորագրում եւ կնքում է վճիռը կայացրած դատավորը: Նմանատիպ դրույթ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 4-րդ մասում, որի համաձայն՝ դատավճիռն ամբողջությամբ եւ դրա յուրաքանչյուր էջը պետք է ստորագրեն բոլոր դատավորները, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 132-րդ հոդվածի 6-րդ մասում:

13. Նախագծի 190-րդ հոդվածի վերնագրում նշված «խմբային հայցով դատարան դիմելու իրավունքը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «խմբային հայցի հարուցումը» բառերով, քանի որ նշված հոդվածի կարգավորման առարկան խմբային հայցի հարուցումն է: Հիշյալ առաջարկությունը բխում է նաեւ Նախագծի 112-րդ հոդվածի վերնագրի պահանջներից:

14. Նախագծի 202-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված «անձին» բառն անհրաժեշտ է փոխարինել «քաղաքացուն» բառով՝ նկատի ունենալով Նախագծի 32-րդ գլխի դրույթները, որոնք վերաբերում են քաղաքացուն հոգեբուժականկազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործերի վարույթին:

15. Նախագծի 26-րդ գլխի վերնագրում «հաստատման» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «վերաբերյալ» բառը՝ հիմք ընդունելով Նախագծի 202-րդ հոդվածը:

Նախագծի 202-րդ հոդվածին անհրաժեշտ է համապատասխանեցնել նաեւ Նախագծի 27-րդ, 29-րդ, 34-րդ եւ 35-րդ գլուխների վերնագրերը:

16. Նախագծի 215-րդ հոդվածի 3-րդ մասում «քաղաքացու դեմ» արտահայտությունը տեղին չէ, քանի որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու դիմումը քաղաքացու դեմ չի կարող ներկայացվել:

17. Նախագծի 219-րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը, քանի որ նշված հոդվածի 2-րդ մասը վերաբերում է այն դեպքին, երբ դատարանը կարող է դատական ծախսերի բռնագանձել դիմողից, այսինքն՝ նշված հոդվածի 2-րդ մասը հանդիսանում է բացառություն նույն հոդվածի 1-ին մասից, որը վերաբերում է դատական ծախսերից դիմողին ազատվելուն:

18. Նախագծի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «առողջական» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «որդեգրվող երեխայի» բառերը, քանի որ նշված կետում խոսքը պետք է գնա որդեգրվող երեխայի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքը դիմումին կցելու մասին:

19. Նախագծի 246-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում նշված «ռեկվիզիտները» բառն անհրաժեշտ է փոխարինել «վավերապայմանները» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

20. Նախագծի 277-րդ հոդվածի 1-ին մասում նշված «վիճարկելու» բառն անհրաժեշտ է փոխարինել «չեղյալ ճանաչելու» բառերով՝ հիմք ընդունելով Նախագծի հինգերորդ ենթաբաժնի վերնագրի պահանջները:

21. Նախագծի 296-րդ հոդվածի 3-րդ մասում «սույն օրենսգրքի 296-րդ հոդվածին» կատարված հղումը վերանայման կարիք ունի: Այդ առումով նշված մասում «սույն օրենսգրքի 296-րդ հոդվածի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սույն օրենսգրքի 295-րդ հոդվածի» բառերով, քանի որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորված են Նախագծի 295-րդ հոդվածով:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 317-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետեր»-ին կատարված հղմանը, քանի որ օտարերկրյա դատական ակտի ճանաչումը կամ կատարումը մերժելու հիմքերը սահմանված են Նախագծի 312-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերում:

22. Նախագծի 351-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությունում հստակ չէ, թե վճռաբեկ դատարանի որ որոշման մասին է խոսքը: Այդ առումով Նախագծի 351-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությունում նշված «վճռաբեկ դատարանի» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» բառերը:

Նույնաբնույթ դրույթներ առկա են նաեւ Նախագծի 352-րդ հոդվածի 2-րդ մասում, 353-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 354-րդ հոդվածի 3-րդ մասում:

23. Նախագծի 375-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «որոշումը մտել է օրինական ուժի մեջ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «որոշման օրինական ուժի մեջ մտնելու օրվանից» բառերով, քանի որ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք բերելու հաշվարկը պետք է սկսվի Արդարադատության խորհրդի որոշման օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

24. Նախագծի 377-րդ հոդվածի մասերի համարակալումը վերանայման կարիք ունի, քանի որ պահպանված չէ դրանց հաջորդականությունը:

25. Նախագծի 380-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հղում կատարել նաեւ Նախագծի 355-րդ հոդվածին, քանի որ դատական ակտի վերանայման բողոքի պատասխանը (վճռաբեկ բողոքի պատասխանի մասով) պետք է բավարարի նաեւ 355-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

26. Նախագծի 382-րդ հոդվածի 1-ին մասում՝ սույն օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատարանը բեկանում է վերանայվող դատական ակտը եւ ուղարկում համապատասխան դատարան նոր քննության, մինչդեռ Նախագծի 374-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նույնպես սահմանված հիմքը նույնպես հանդիսանում է դատական ակտը վերանայելու հիմք: Ուստի առաջարկում ենք Նախագծի 382-րդ հոդվածի 1-ին մասում՝ «սույն օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-5-րդ կետերով» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-6-րդ կետերով» բառերով:

27. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված «օրենքն» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «սույն» բառը, իսկ «հրապարակման հաջորդող» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ, ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ եւ ««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածներին:

28. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում պահպանված չէ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխվող հոդվածների հաջորդականությունը: Իսկ Նույն նախագծի 4-րդ հոդվածում պահպանված չեն 9-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխվող կետերի հաջորդականությունը:

29. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

30. ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում նշված «փոփոխություն» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություններ» բառով, քանի որ նախագծով կատարվում են մեկից ավելի փոփոխություններ:

Նույն նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերն անհրաժեշտ է հանել, իսկ «22-րդ հոդվածի 3-րդ մասում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի 3-րդ պարբերությունում» բառերով, քանի որ նշված հոդվածում խոսքը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի 3-րդ պարբերության մասին է:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                                                  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)