«26» օգոստոսի 2016թ.                                                                                                    ԻՎ-ե-76

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1045-08.08.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է ճիշտ նշել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը եւ օրենսգրքի վերնագիրը: Այդ առումով Նախագծի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24-ը դեկտեմբերի 2004 թվականի)» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի» բառերով:

2. Նույն հոդվածում նշված «4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր` 4-րդ մասով» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:

3. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին կատարված հղումն անորոշ է եւ հստակեցման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:

Նույն մասում պարզ չէ նաեւ, թե ապաստանի խնդրանքը պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի կողմից ինչ ժամկետում պետք է փոխանցվի միգրացիայի հարցերով ՀՀ կառավարության լիազորված մարմնին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)