«26» օգոստոսի 2016թ.                                                                                                     ԻՎ-ե-78

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1046-16.08.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածն «օրենքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերով, որպեսզի պարզ լինի, որ Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներում խոսքը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի մասին է:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց կարող է տրվել հավելում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, կարգով եւ չափով: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի գործող 4-րդ մասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, կարգով եւ չափով: Նախագծի համաձայն՝ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց կարող է տրվել կամ չտրվել հավելում, այսինքն՝ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար հավելում տալը, ըստ Նախագծի, ոչ թե իմպերատիվ (պարտադիր) բնույթ է կրում, այլ կրում է հայեցողական բնույթ: Այդ առումով պարզ չէ, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված տարբերակված մոտեցում կիրառելը բարձրլեռնային վայրերում, ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարող պետական պաշտոն զբաղեցնող անձանց եւ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվող պետական պաշտոն զբաղեցնող անձանց միջեւ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բարձրլեռնային վայրերում, ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարող պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելում տալը իմպերատիվ պահանջ է (Օրենքի 8-րդ հոդված 1-ին մաս), իսկ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվող պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելում տալը՝ հայեցողական: Ուստի գտնում ենք, որ նման տարբերակված մոտեցում ցուցաբերելը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ , նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                                 Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)