«23» սեպտեմբերի 2016թ.                                                                                                  ԻՎ-ե-85

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1054-06.09.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացումներն անհրաժեշտ է նախատեսել Նախագծի 4-րդ հոդվածից հետո՝ ապահովելու համար Նախագծով կատարվող լրացումների համակարգվածությունը եւ հաջորդականությունը: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներից:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում նշված «հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասին:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերում նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ «հասկացությունը» շարադրվում է նոր խմբագրությամբ, ինչը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, որի համաձայն՝ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով: Հետեւաբար Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերում նշված «հասկացությունը» բառն անհրաժեշտ է փոխարինել «պարբերությունը» բառով:

Նախագծի նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ լրացվում է նոր հասկացություն, ինչը նույնպես չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով: Այդ առումով Նախագծի 3-րդ հոդվածի 5-րդ մասում նշված «հասկացություն» բառն անհրաժեշտ է փոխարինել «պարբերություն» բառով:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 5-րդ մասում նշված «հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

5. Նախագծի 3-րդ հոդվածի 5-րդ մասում՝ «շահումով խաղի գործունեության կազմակերպում» է համարվում խաղասրահում խաղային ավտոմատների տեղադրումը եւ շահագործումը, ինչը հակասում է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին, որի համաձայն՝ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպումը` եկամուտ (շահույթ) ստանալու նպատակով սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շահումով խաղի իրականացման համար սարքավորումների տեղադրումն ու շահագործումն է կամ շահումով խաղին խաղացողների մասնակցության համար այլ կերպ հնարավորության ստեղծումն է:

Ավելին, Նախագծի 7-րդ հոդվածով՝ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում կատարվող լրացման համաձայն՝ շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպումը` եկամուտ (շահույթ) ստանալու նպատակով սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուրը համապատասխանաբար շահումով խաղի ենթատեսակի իրականացման համար նախատեսված շահումով խաղի իրականացման համար սարքավորումների տեղադրումն ու շահագործումն է կամ շահումով խաղին խաղացողների մասնակցության համար այլ կերպ հնարավորության ստեղծումն է:

Այդ առումով՝ Նախագծի 3-րդ հոդվածի 5-րդ մասն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի, ինչպես նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի պահանջներին՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ ի րավական ակտերում պետք է բացառվեն ներքին հակասությունները:

6. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժշետ է փոխարինել «նոր» բառով, իսկ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերին, ինչպես նաեւ 9-րդ հոդվածի 1-ին մասին:

7. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում օրենքի 4-րդ հոդվածում լրացվող նոր պարբերությունում նշված «ՀՀ» հապավումն անհրաժեշտ է բացել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները: Նույնը վերաբերում է Նախագծի 9-րդ հոդվածի «ՀՎՀՀ» հապավմանը:

8. Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասով լրացվող՝ օրենքի 6-րդ հոդվածի 2.1-րդ մասի կետերի համարակալումն անհրաժեշտ է նախատեսել ոչ թե լրացուցիչ համարով, այլ հերթական համար ունեցող կետերի տեսքով՝՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41- րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաեւ 45-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                                Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)