«29» սեպտեմբերի 2016թ.                                                                                                 ԻՎ-ե-91

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մեծահասակների կրթության մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1057-19.09.2016-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծով, ըստ էության, ներդրվում է մեծահասակների կրթության առանձին համակարգ:

ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը եւ տեւողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առջեւ:

ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Հիշյալ դրույթների համակարգային վերլուծությունից բխում է, որ ՀՀ Սահմանադրությունն ապահովում է կրթության իրավունքի իրականացումն առանց տարիքային խտրականության: Դա նշանակում է, որ մեծահասակների կրթության առանձին համակարգ ներդնելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» եւ այլ օրենքները վերաբերում են նաեւ մեծահասակների կրթությանը:

2. Նախագծի 16-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով եւ կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ, մինչդեռ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 4-րդ, 5-րդ եւ 9-րդ հոդվածներում օգտագործվում է «մասնավոր կազմակերպություն» արտահայտությունը, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն այդպիսի հասկացություն չի նախատեսում:

2. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այլ կազմակերպությունների, մարմինների, սոցիալական գործընկերների այլ իրավասությունները մասնագիտական կրթության բնագավառում սահմանում է կրթության պետական կառավարաման լիազորված մարմինը: Մինչդեռ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները:

3. Նախագծի 20-րդ հոդվածից բխում է, որ մեծահասակների կրթությունը լիցենզավորման ենթակա գործունեություն է, մինչդեռ այն որպես այդպիսին ընդգրկված չէ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աղյուսակում:

4. Նախագծի 21-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագրով աշխատող անձին նրա խնդրանքով, պետական կամ ցանկացած այլ աջակցությամբ մեծահասակների կրթություն ստանալու նպատակով, կարող է տրամադրվել նաեւ լրացուցիչ վճարովի արձակուրդ գործատուի հետ նախապես պայմանավորված ժամանակահատվածում: Այդ արձակուրդի տեւողությունը եւ ֆինանսավորման պայմանները նշվում են աշխատանքային պայմանագրում:

Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նշված հիմքով լրացուցիչ վճարովի արձակուրդ տրամադրելու հետ կապված հարաբերությունների կարգավորում չի նախատեսում:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները՝ փակագծերով: Հոդվածի ենթակետի՝ հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:

Առաջարկում ենք նշված կանոններին համապատախանեցնել Նախագծի 1-7-րդ, 10-րդ, 13-18-րդ, 21-23-րդ, 25-27-րդ հոդվածները:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ կետի «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

3. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված «այլ կազմակերպություններ», «այլ խորհուրդներ», 8-րդ հոդվածով նախատեսված «այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք», 15-րդ հոդվածով նախատեսված «այլ իրավասություններ», 16-րդ հոդվածով նախատեսված «այլ լիազորություններ» արտահայտություններն անորոշ են, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 11-րդ եւ 12-րդ կետերով սահմանված են համապատասխանաբար «հեռավար ուսուցում» եւ «դրսեկություն» հասկացությունները, որոնք կրկնում են «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համապատասխանաբար 10-րդ եւ 11-րդ կետերը, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները:

5. Նախագծի 27-րդ հոդվածի «հրապարակման հաջորդ օրը» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

6. Նախագծում առկա են ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված մի շարք արտահայտություններ, մասնավորապես՝ «մեծահասակներ», «մասնավոր ուսուցիչ», «մասնավոր անհատ», «անդրագոգիկ կադրեր» եւ այլն, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                         Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)