«29» սեպտեմբերի 2016թ.                                                                                              ԻՎ-ե-93

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1059-19.09.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները, որոնք տուժել են` մասնակցելով Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի (այսուհետ` ՉԱԷԿ) վթարից եւ միջուկային այլ աղետների հետեւանքների վերացման աշխատանքներին:

Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ-ում հաշվառված՝ ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցների մեծ մասը համարվում է զինվորական ծառայության պարտականություն կատարելիս հաշմանդամ դարձած անձ, որոնց սոցիալական հարցերը կարգավորված են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով: Այն անձանց սոցիալական խնդիրները, որոնց հաշմանդամությունը կապված է ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետ, կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ենթաօրենսդրական ակտերով» բառերն առաջարկում ենք փոխարինել «այլ իրավական ակտերով» բառերով, քանի որ թեեւ ՀՀ Սահմանադրության 2015թ. փոփոխություններն արդեն պարունակում են «ենթաօրենսդրական ակտ» արտահայտությունը, սակայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում դեռեւս համապատասխան փոփոխություններ չեն կատարվել:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-5-րդ մասերն առաջարկում ենք դարձնել 1-ին մասի համապատասխանաբար 4-7-րդ կետեր, քանի որ դրանցում, ըստ էության, շարունակվում է ՉԱԷԿ-ի վթարից եւ միջուկային այլ աղետների հետեւանքներից տուժած քաղաքացիների խմբերի թվարկումը:

4. Նախագծի 3-րդ հոդվածի «թթ.» բառերն առաջարկում ենք փոխարինել «թվականներին» բառով, իսկ «թ.» բառը՝ «թվականի» բառով: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասից, որի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 4-6-րդ հոդվածների «ՀՀ» հապավմանը, որն անհրաժեշտ է բացել՝ դարձնելով «Հայաստանի Հանրապետության»:

5. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասի «1957-1958/1959-1961/» թվերը հստակեցման կարիք ունեն:

6. Նախագծի 4-րդ, 6-7-րդ հոդվածների միակ մասերն անհրաժեշտ է համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

7. Նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածների միջեւ առկա է հակասություն, քանի որ 4-րդ հոդվածում սահմանվում է շահառու խմբի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքը, իսկ 5-րդ հոդվածում՝ միայն ամենամյա բժշկական հետազոտություն անցնելու իրավունքը, ինչը ներառված է բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքի մեջ:

8. Նախագծի 4-րդ հոդվածում եւ ամբողջ տեքստում «բժշկական օգնություն» եւ «բուժօգնություն» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերն առաջարկում ենք փոխարինել «բժշկական օգնություն եւ սպասարկում» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով՝ նկատի ունենալով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի պահանջները: Նույն հոդվածից անհրաժեշտ է հանել «դիսպանսերիզացիա» եզրույթը, քանի որ այն բժշկական օգնության եւ սպասարկման գործընթացի բաղկացուցիչ է:

9. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի2-րդ կետը տարընթերցման տեղիք է տալիս, քանի որ ներկայացված խմբագրությամբ ստացվում է, որ անվճար դեղ ստանալու իրավունքը տրամադրվում է տարեկան մեկ անգամ, այլ ոչ թե ըստ անհրաժեշտության, միաժամանակ պարզ չէ՝ շահառուի մոտ ճառագայթային հիվանդության բուժման, թե ցանկացած այլ հիվանդության բուժման համար են տրամադրվելու անվճար դեղերը:

Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դեղորայք» բառն անհրաժեշտ է փոխարինել «դեղ» բառով՝ հիմք ընդունելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի պահանջները:

10. Առաջարկում ենք Նախագիծը լրացնել «Եզրափակիչ դրույթներ» վերտառությամբ 3-րդ գլխով, որտեղ էլ ներառել Նախագծի 7-րդ հոդվածը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                               Հ. ՍԱՐԳՍՅԱՆ


Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)