«14» հոկտեմբերի 2016թ.                                                                                               ԻՎ-ե-99

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-1061-19.09.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն. «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ընտանեկան օրենսգրքով», մինչդեռ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները, որպես կարգավորման առարկա ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսված չեն:

2. Նախագծի 1-ին հոդվածից եւ ամբողջ տեքստից բխում է, որ Նախագծով կարգավորվում են միանվագ դրամական օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչն արդեն իսկ կարգավորված է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով : Բացի այդ՝ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրումն անհրաժեշտ է իրականացնել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված հասցեականության սկզբունքի համաձայն, ըստ որի ՝ սոցիալակա ն ծառայությունները տրամադրում են իսկապես դրա կարիքն ունեցող անձին, այս պարագայում` նորաստեղծ ընտանիքներին: Այդ առումով Նախագծում անհրաժեշտ է հստակ սահմանել այն չափանիշները , որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարիքավորության աստիճանը , ինչպես նաեւ Նախագիծը համապատասխանեցնել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված հասցեականության սկզբունքի պահանջներին:

3. Նախագծի 7-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի պահանջները խախտելու համար ՀՀ գործող որեւէ իրավական ակտով պատասխանատավություն նախատեված չէ:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Զգալի ծավալով իրավական ակտերի` բովանդակությամբ համասեռ հոդվածները (կետերը) միավորվում են գլուխներում», մինչդեռ Նախագիծը բաղկացած է ընդամենը ութ հոդվածից, որոնք միավորված են չորս գլուխներում: Բացի այդ՝ Նախագծի գլուխների վերնագրերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտի գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով»:

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Իրավական ակտը կարող է պարունակել անվանում, հիմնական մաu, եզրափակիչ մաu կամ անցումային դրույթներ», իսկ 3-րդ մասի 1-ին կետի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մաuում կարող են uահմանվել` իրավական ակտն ուժի մեջ մտնելու եւ գործողության (ժամանակավոր ակտի համար) ժամկետները»: Այս կապակցությամբ անհրաժեշտ է Նախագծի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ կերպ՝ «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ» :

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                        Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)