«23» սեպտեմբերի 2016թ.                                                                                                  ԻՎ-ե-87

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1064-20.09.2016-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10641 -20.09.2016-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10642 -20.09.2016-ՊԻ-010/0), ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10643 -20.09.2016-ՊԻ-010/0) եւ ««Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10644 -20.09.2016-ՊԻ-010/0), Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածներում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներին, ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 5-րդ հոդվածներին:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածում լրացվող 24416 -րդ հոդվածի համարակալումը վերանայման կարիք ունի, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում արդեն իսկ առկա է 244.16-րդ հոդված:

3.««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել հոդվածի բովանդակությանը: Մասնավորապես՝ նշված հոդվածի վերնագրում «Անցումային դրույթներ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Եզրափակիչ եւ անցումային դրույթներ» բառերով, նկատի ունենալով, որ նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասը, որը վերաբերում է օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետին, իր բնույթով հանդիսանում է ոչ թե անցումային, այլ եզրափակիչ դրույթ: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջներից, որոնց համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասում կարող են սահմանվել իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները:

Նույն հոդվածի 2-րդ մասում՝ «ենթակա է ստեղծման» բառերն առաջարկում ենք փոխարինել «ստեղծվում է» բառերով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկներ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                                            Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)