«23» սեպտեմբերի 2016թ.                                                                                            ԻՎ-ե-88

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1065-20.09.2016-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագ իծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացվում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկային համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասից, որի համաձայն՝ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

1) բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու միջոցով.

2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.

4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:

2. Նախագծի 2-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել որպես «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 12-րդ մաս՝ ապահովելու համար այդ դրույթի «տեսանելիությունը», քանի որ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված կանոնը սույն կետով նախատեսված առաջարկը չընդունելու դեպքում չի ինկորպորացվի «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում, եւ Նախագծի ընդունման դեպքում «տեսանելի կլինի» միայն ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                             Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)