«14» հոկտեմբերի 2016թ.                                                                                                  ԻՎ-ե-105

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1077-29.09.2016-ՏՏ-010/0), ««Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10771 -29.09.2016-ՏՏ-010/0) եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10772 -29.09.2016-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 8-րդ հոդվածում խոսք է գնում տեղական ինքնակառավարման հիմնարար սկզբունքների մասին, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, ... … : Ուստի, առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին մասի երկրորդ նախադասությունից «հիմնարար» բառը հանել:

2. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը, որպես ժողովրդավարության հիմնարար սկզբունք: Առաջարկում ենք նշված ձեւակերպումը փոխարինել ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածի ձեւակերպմամբ, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

3. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման հիմնարար սկզբունք է տեղական ինքնակառավարման իրավունքի իրականացումը՝ սեփական պատասխանատվությամբ, ընդհանուր, հավասար ընտրություններով ընտրված տեղական ինքնակառավարմ ան մարմիների, ինչպես նաեւ համայնքի բնակիչների կողմից համայնքային նշանակության հանրային հարցերի լուծմանը մասնակցության միջոցով:

ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի, համայնքների ավագանիների, համայնքների ղեկավարների, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված համայնքների ղեկավարների, ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

Ուստի, առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում լրացում կատարել ազատ ընտրական իրավունքի եւ գաղտնի քվեարկության վերաբերյալ:

4. Նախագծի 10-րդ հոդվածի 9-րդ մասի «խնդիրները իրականացվում են» բառերն առաջարկում ենք փոխարինել «խնդիրները լուծվում են» բառերով: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներից, որի համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:

5. Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետում, 18-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետում եւ 95-րդ հոդվածի 7-րդ մասում «Հաշվեքննիչ պալատ» բառերի համապատասխան հոլովաձեւերն առաջարկում ենք փոխարինել «Վերահսկիչ պալատ» բառերի համապատասխան հոլովաձեւերով, իսկ 95-րդ հոդվածի 7-րդ մասում՝ նաեւ «հաշվեքննություն» բառը՝ «վերահսկողություն» բառով, քանի որ ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքնը համապատասխանեցվում է Սահմանադրությանը եւ ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, մինչդեռ Նախագիծն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունվարի 1-ից:

6. Նախագծի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ համայնքի պաշտոնական համացանցային կայքում՝ ներբեռման հնարավորությամբ առնվազն պետք է առկա լինեն համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, բացառությամբ գաղտնիք պարունակող, համայնքի ավագանու համաձայնությամբ եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարման կամ օգտագործման տրամադրվող համայնքի սեփականություն համարվող հողամասերի ցանկը:

Առաջարկում ենք «գաղտնիք» բառը փոխարինել այլ օրենքներում գործածվող «պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք» բառերով:

Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

7.Նախագծի 14-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ավագանու 9 եւ ավելի անդամ ունեցող համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկվող հարցերը պետք է նախապես քննարկվեն ավագանու հանձնաժողովներից որեւէ մեկում:

Այսպիսի ձեւակերպումն անորոշ է, ուստի առաջարկում ենք «հանձնաժողովներից որեւէ մեկում» բառերը փոխարինել «իրավասու հանձնաժողովում» բառերով:

8. Նախագծի 16-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ավագանու կանոնակարգով նախատեսված դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ քննարկումներ:

Առաջարկում ենք «կարող է անցկացվել» բառերը փոխարինել «կարող են անցկացվել» բառերով, նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, որի համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:

9. Նախագծի 16-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ եթե համայնքի ավագանին գտնի, որ համայնքի ղեկավարի որոշումը հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր բողոք` համապատասխան հիմնավորումներով, առաջարկելով համայնքի ղեկավարին փոխելու իր որոշումը:

Առաջարկում ենք «փոխելու» բառը փոխարինել «փոփոխելու» բառով, քանի որ Նախագծի այլ հոդվածներում գործածվում է «որոշում փոփոխել» արտահայտությունը:

10. Նախագծի 18-րդ հոդվածի 33-րդ մասի համաձայն՝ համայնքի ավագանին սահմանադրական մարմինների միջեւ նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի դեպքում կարող է դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Նշենք, որ այս կարգավորումը բխում է ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 168-րդ եւ 169-րդ հոդվածներից, որոնք, սակայն, ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Իսկ Նախագիծը, ինչպես նշեցինք, ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից, ուստի սահմանադրական նշված կարգավորումը Նախագծում արտացոլելը դեռեւս վաղաժամ է:

11. Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ աշխատել իրավապահ, ազգային անվտանգության եւ դատական մարմիններում:

Նշենք, որ ՀՀ օրենսդրությունը «իրավապահ մարմիններ»-ի հասկացությունը չի տալիս, ուստի անհրաժեշտ է ձեռնպահ մնալ այդ հասկացության՝ օրենքներում կիրառումից, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները:

12. Նախագծի 22-րդ, 26-րդ եւ 70-րդ հոդվածները վերաբերում են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների լիազորությունների դադարեցման հիմքերին: Այդ հիմքերից բացակայում է անձի սահմանափակ գործունակ ճանաչվելը, միչդեռ այն բխում է «Հանրային ծառայության մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքների 12-րդ հոդվածների տրամաբանությունից:

13. Նախագծի 26-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ «դատավճռով» բառից հետո, եւ 7-րդ կետը՝ «վեց» բառից առաջ, առաջարկում ենք լրացնել «նա» բառով:

14.Նախագածի 26-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը կարգավորում է համայնքի ղեկավարի լիազորոթյունների վաղաժամկետ դադարման դեպքում կառավարության կողմից համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ նշանակելու կարգը, իսկ 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ավագանու լիազորությու նների վաղաժամկետ դադարման դեպքում կառավարության կողմից ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու կարգը:

Այսպես՝ Նախագծի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Միաժամանակ, Նախագծի 26-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը, համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշումը կամ դադարելու մասին արձանագրությունը ստանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ», սակայն համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում լիազոր մարմնի կողմից նման նախագիծ ներկայացնելու կարգ չի նախատեսված:

Կարծում ենք՝ ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասից, որի համաձայն՝ իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ` տրամաբանորեն միասնական , հաջորդական ու համակարգված, նշված երկու հոդվածները ձեւակերպումների միասնականության առումով անհրաժեշտ է համապատասխանեցնել միմյանց՝ 26-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումը սահմանելով նաեւ 23-րդ հոդվածով կամ հանելով այն:

15. Նախագծի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական ներկայացուցչի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ աշխատակազմի կանոնադրությամբ:

Նշենք, որ վարչական ներկայացուցչի լիազորություններն աշխատակազմի կանոնադրությամբ սահմանելը կհակասի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 32-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, 33-րդ հոդվածի 4-րդ մասին, այդ մասի 10-12-րդ կետերին, 57-րդ հոդվածի 5-րդ մասին:

16. Նախագծի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը պետք է լինի 5-րդ կետի երկրորդ պարբերություն: Սույն առաջարկության ընդունումը կառաջացնի հետագա կետերի համարակալման ճշգրտման անհրաժեշտություն:

17. Նախագծի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածը տարածվում է զբոսաշրջային հեռանկարներ եւ կարողություններ ունեցող համայնքերի վրա:

Պարզ չէ, թե որն է զբոսաշրջային հեռանկարներ եւ կարողություններ ունեցող եւ այդպիսիք չունեցող համայնքների սահմանազատման չափանիշը:

18. Նախագծի 84-րդ հոդվածը վերնագրված է «Համայնքի բյուջեն եւ բյուջեի ձեւավորման աղբյուրները», մինչդեռ հոդվածում բյուջեի ձեւավորման աղբյուրներին անդրադարձ չի կատարվում: Առաջարկում ենք հոդվածը լրացնել բյուջեի ձեւավորման աղբյուրների մասին դրույթներով:

19. Նախագծի 97-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ իրավական եւ մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինները պարտավոր են տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով սեփական լիազորությունների եւ պետության կողմից պատվիրակած լիազորությունների հետ կապված, տալ պաշտոնական պարզաբանումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով», մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասը, որում թվարկվում են պաշտոնական պարզաբանում տվող սուբյեկտները, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ իրավական եւ մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինները չկան: Ուստի, առաջարկում ենք Փաթեթին կցել նաեւ մեկ այլ նախագիծ, որով համապատասխան լրացում կառաջարկվի նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում:

20. Նախագծի 100-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «միջհամայնքային միավորումների մարմինները, լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, ինչպես նաեւ գործունեության կարգը սահմանվում են «Միջհամայնքային միավորումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով», մինչդեռ այդպիսի օրենք գոյություն չունի: Ուստի, առաջարկում ենք Փաթեթին կցել համապատասխան օրենքի նախագիծը:

21. Նախագծի 102-րդ հոդվածը՝ «Անցումային դրույթներ» վերտառությամբ, ընդգրկված է «Միջհամայնքային միավորումները» վերտառությամբ 9-րդ գլխում: Առաջարկում ենք 101-րդ հոդվածից հետո Նախագիծը լրացնել «ԳԼՈՒԽ 10. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերով:

22. ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին … հոդվածներ … նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)