«03» նոյեմբերի 2016թ.                                                                                                      ԻՎ-ե-112

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ» (փաստաթղթային կոդ՝ Պ-1086-6.10.2016-ՊԻ-012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված «Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ եւ 52-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Նշված դրույթներն ամրագրված են նաեւ Նախագծում, սակայն դրանց հետ միասին խոսվում է ժողովրդի ապստամբելու իրավունքի, ապստամբության միջոցով իր շահերին եւ նպատակներին չհամապատասխանող քաղաքական համակարգը ոչնչացնելու մասին: Գտնում ենք, որ «ապստամբելը» եւ «քաղաքական համակարգ ոչնչացնելն» իրենց մեջ կարող են պարունակել իշխանությունը յուրացնելու հանցակազմի հատկանիշներ:

Ժողովրդի ինքնիշխանությունից բխում է, որ Հայաստանում իշխանության գերագույն կրողը ժողովուրդն է: Այսինքն՝ ժողովուրդը ոչ մեկի հետ չի կիսում իր իշխանությունը, իրականացնում է այն ինքնուրույն, անկախ այլ սոցիալական ուժերից, եւ օգտագործում է միայն իր սեփական շահերից ելնելով: Ժողովրդական ինքնիշխանությունն անբաժանելի է եւ ունի միայն մեկ սուբյեկտ՝ ժողովուրդը: Ոչ ոք, բացի ժողովրդից կամ առանց ժողովրդի համաձայնության, չի կարող հավակնել իշխանության Հայաստանի Հանրապետությունում: Չկա իշխանություն, որ չի բխում ժողովրդից:

Ժողովրդաիշխանությունը նշանակում է ժողովրդի գերակայություն որպես իշխանության աղբյուր եւ կրող, նրա իրավունքը` ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, հիմնադրել պետական իշխանության համակարգ, մասնակցել իր պետության քաղաքականության ձեւավորմանը, պետական մարմինների կազմավորմանը, վերահսկել պետության գործունեությունը: Ժողովրդի ինքնիշխանությունից կամ ժողովրդաիշխանությունից բխում են ժողովրդի հետեւյալ հիմնական իրավունքները. 1) լինել գերագույն իշխանության աղբյուր եւ կրող պետության մեջ, 2) ձեւավորել իշխանության ներկայացուցչական մարմինները, 3) պատվիրակել սեփական լիազորություններն իշխանության ներկայացուցչական մարմիններին, 4) ունենալ Սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակ, 5) մասնակցել օրենսդրական գործունեությանը, պետության կառավարմանը եւ այլն:

Ճնշմանը եւ բռնապետությանը դիմադրելը ժողովրդին պատկանող իրավունքն է, որ կարող է արտահայտվել իշխանությունների ապօրինի ակտերին եւ գործողություններին դիմադրելով: Դիմադրության արդի եւ նպատակահարմար ձեւը քաղաքացիական անհնազանդությունն է [1] :

Քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը հանրային հավաքների, ճանապարհների շրջափակման, քարոզչական թերթիկների տարածման, գործադուլների անցկացման, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու միջոցով [2] :

Նշվածը եւս վկայում է այն մասին, որ «ապստամբելը» եւ «քաղաքական համակարգ ոչնչացնելն» իրականում քաղաքացիական անհնազանդության ձեւեր չեն:

Նախագծիհիմնավորման մեջ անդրադարձ է կատարվում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանի երրորդ պարբերությանը, որի համաձայն՝ «անհրաժեշտ է, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանվեն օրենքի ուժով, նպատակ ունենալով ապահովել, որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու բռնության ու ճնշման դեմ ուղղված ապստամբության` որպես վերջին միջոցի»:

Կարծում ենք, որ անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ նույն հռչակագրի 30-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն՝ «սույն Հռչակագրի մեջ ոչինչ չի կարող մեկնաբանվել իբրեւ որեւէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք` զբաղվելու այնպիսի գործունեությամբ ու արարքներ կատարելով, որոնք ուղղված լինեն Հռչակագրում շարադրված իրավունքների եւ ազատությունների ոչնչացմանը»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)



[1] Տես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ / Ընդհանուր խմբագրությամբ Գ.Հարությունյանի, Ա. Վաղարշյանի. - Եր.: « Իրավունք » , 2010, էջեր 56, 60:

[2] Տես նույն տեղում: