«14» հոկտեմբերի 2016թ.                                                                                             ԻՎ-ե-101

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1089-7.10.2016-ՊԻ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10891 -7.10.2016-ՊԻ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10892 -7.10.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին, 6-րդ, 9-րդ, 14-րդ եւ 18-րդ հոդվածների, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասից, որի համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:

Նախագծի 2-րդ եւ 12-րդ հոդվածներում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:

2. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածում լրացվող 17-րդ մասի համաձայն՝ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը քննվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարչարարության հիմնարար սկզբունքների պահպանմամբ:

Կարծում ենք, որ այս դրույթի նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ ՀՀ ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված է, որ «Կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովում վարչական վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկություններով եւ ժամկետներում»: Իսկ դա նշանակում է, որ վարչարարության հիմնարար սկզբունքներն այսպես, թե այնպես տարածվում են այս վարույթի վրա:

3. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածում լրացվող 17-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական վարույթի կարճման հիմք է դիմումի առարկայազուրկ լինելը: Առաջարկում ենք «առարկայազուրկ» բառը փոխարինել «անթույլատրելի» բառով, քանի որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասը որպես վարույթի կարճման հիմք նշում է դիմումի անթույլատրելի, ոչ թե առարկայազուրկ լինելը:

4. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «ՀՕ-528-Ն» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը եւ օրենսգրքի վերնագիրը:

5. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-6-րդ հոդվածներում ամրագրված է պատժի նոր տեսակ՝ «պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելը»: Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքն այդպիսի պատժի տեսակ չի նախատեսում: Փոխարենը նախատեսված է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, որին վերաբերող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն՝ «Որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ պետ ական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելը, իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կատարված հանցանքի բնույթի հետ կապված որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելն է: Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործության բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքը»: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանի հայեցողությանն է թողնված պետ ական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում այն պաշտոնի ընտրությունը, որն անձը չի կարող զբաղեցնել, կամ այն գործունեության ընտրությունը, որով անձը չի կարող զբաղվել: Միաժամանակ, դա չի նշանակում, որ դատարանը կարող է կամայական որոշումներ կայացնել՝ զրկելով անձին այնպիսի պաշտոն զբաղեցնելու կամ այնպիսի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, որը չի բխում հանցագործության բնույթից:

Այլ կերպ ասած՝ հանցագործության բնույթը կանխորոշվում է զբաղեցրած պաշտոնով կամ գործունեությամբ, այսինքն՝ օրենսդիրը նախատեսում է այս պատժատեսակը դատապարտյալի կողմից նմանատիպ հանցագործությունները կանխելու համար [1] :

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելը պատժի տեսակը պետք է փոխարինել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը պատժի տեսակով, իսկ 5-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունն այդ մասով չկատարել:

6. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածում սահմանված տուգանք պատժի տեսակը հանվում է: Այսինքն՝ առաջարկվում է կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ս ահմանել պատիժ միայն ազատազրկման ձեւով, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածով ամրագրված պատժի համաչափության սկզբունքի պահանջներից, որի համաձայն՝ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեււ նշանակված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության եւ պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահանջներից, որի համաձայն՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը եւ քրեաիրավական ներգործությ ան այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ եւ բավարար լինեն նրան ուղղելու եւ նոր հանցագործությունները կանխելու համար: Հիշյալ նորմերի համակարգային վերլուծութ յունից բխում է, որ պատժի համաչափությունն ու արդարությունն իրականացվում են համապատասխան պատժի նշանակման ինստիտուտի շնորհիվ: Հանցանք կատարած անձի նկատմամբ պետք է նշանակվի արդարացի պատիժ, որն անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու եւ վերջինիս կողմից նոր հանցանքների կատարումը կանխելու համար: Նշանակված պատժի արդարացիության ապահովման համար պետք է հաշվի առնել պատասխանատվության անհատականացման հետեւյալ հիմքերը՝ արարքի հանրային վտանգավորության բնույթը եւ աստիճանը, մեղավորի անձնավորությունը, մեղմացնող եւ ծանրացնող բոլոր հանգամանքները: Պատժի անհատականացման համար կարեւոր նշանակություն ունեն նաեւ համապատասխան քրեաիրավական սանկցիաները, որոնք կրում են որոշակի կամ այլընտրանքային բնույթ (նախատեսվում են պատժի ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակներ): Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածը նույնպես նախատեսում է պատժի մի քանի տեսակ՝ տուգանք, որոշակի ժամկետով ազատազրկում, որոնք համաչափ են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանված արարքին եւ անհրաժեշտ ու բավարար են հանցանք կատարած անձինուղղելու եւ նորհանցագործությունները կանխելու հ ամար:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածում սահմանված «տուգանք» պատժի տեսակը հանելը չի բխում ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի պահանջներից:

Բացի այդ՝ անհրաժեշտ է նշել, որ մ եկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար նախատեսված հիմնական պատիժների ցանկից տուգանքը հանելը կհակասի ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր տրամաբանությանը, քանի որ դրա մի շարք հոդվածներում (հոդված 182՝ շորթում, հոդված 200՝ առեւտրային կաշառք, հոդված 213՝ վաշխառություն, հոդված 226՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը եւ այլն), որոնցով սահմանված ազատազրկման չափն ավելի մեծ է, քան 213-րդ հոդվածում, որպես հիմնական պատժատեսակ նշված է նաեւ տուգանքը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                       Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)



[1] Տես Առաքելյան Սերգեյ, Գաբուզյան Արա, Խաչիկյան Հարություն, Ղազինյան Գագիկ, Մաղաքյան Նորիկ, Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք: Ընդհանուր մաս. - Եր.: Երեւանի համալս. հրատ., 2003, էջ 394: