«14» հոկտեմբերի 2016թ.                                                                                          ԻՎ-ե-102

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուսակցությունների մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-1095-11.10.2016-ՄԻ-010/0) Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուսակցությունների մասին»Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծում առավել խնդրահարույց է դրա եզրափակիչ եւ անցումային դրույթների ոչ ամբողջական լինելը: Մասնավորապես՝ Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրենց լիազորությունների իրականացման ընթացքում կուսակցության անդամ չեն կարող լինել Հանրապետության նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները, Հաշվեքննիչ պալատի անդամները, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները:

Նախագծի եզրափակիչ եւ անցումային դրույթներում անհրաժեշտ է հստակեցնել, թե այս դրույթը երբվանից է սկսում գործել Հանրապետության նախագահի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների եւ Հաշվեքննիչ պալատի անդամների համար, քանի որ Նախագիծն ավելի շուտ է ուժի մեջ մտնելու, քան այն սահմանադրական դրույթները, որոնք արգելում են վերջիններիս լինել կուսակցության անդամ:

Կարծում ենք՝ եզրափակիչ դրույթներով անհրաժեշտ էր կարգավորել նաեւ սույն եզրակացության 13-րդ կետով բարձրացված հարցը:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կուսակցությունների կազմավորման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաեւ սույն օրենքին համապատասխան ընդունված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:

Առաջարկում ենք նախ՝ փոխել «սույն օրենքով» եւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով» բառերի տեղերը, քանի որ վերջիններս ավելի բարձր իրավաբանական ուժ ունեն, երկրորդ՝ «այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով» բառերը փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով» բառերով, քանի որ առկա ձեւակերպումից բխում է, որ ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ միջազգային պայմանագրերը եւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը ենթաօրենսդրական ակտեր են:

3. Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերից բխում է, որ կուսակցությունը պետական գրանցման մասին դիմումը պետական լիազոր մարմին է ներկայացնում կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:

Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ պետական լիազոր մարմինը մերժում է կուսակցության պետական գրանցումը, եթե կուսակցության պետական գրանցման դիմումը ներկայացվել է կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից 3 ամիս անց:

Ստացվում է, որ եթե կուսակցությունը պետական գրանցման մասին դիմումը պետական լիազոր մարմին ներկայացնի հենց 3-րդ ամիսը լրանալու, այսինքն՝ Նախագծի 9-րդ հոդվածի 4-5-րդ մասերով թույլատրված վերջին օրը, ապա կուսակցության պետական գրանցումը Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով ենթակա է մերժման: Այս հակասությունը վերացնելու համար առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) կուսակցության պետական գրանցման դիմումը ներկայացվել է սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետի խախտմամբ:»:

4. Նախագծի 12-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կուսակցության անդամներն իրավունք ունեն ներկա գտնվել կուսակցության համագումարի նիստերին:

Կարծում ենք, որ եթե մի քանի հազար կուսակցականներ ցանկություն հայտնեն ներկա գտնվել իրենց կուսակցության համագումարի նիստին, ապա դա ապահովելը կարող է եւ անհնար լինել, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է:

5. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կուսակցության հիմնադիր կամ անդամ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննիչները ։

Այս դրույթն առաջացնում է համապատասխանաբար ՀՀ դատական օրենսգրքում, «Դատախազության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու անհրաժեշտություն, քանի որ դրանցում առկա է միայն կուսակցության անդամ լինելու արգելք:

6. Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այլ օրենքներով կարող են սահմանվել կուսակցություն հիմնադրելու կամ կուսակցությանն անդամագրվելու իրավունքի այլ սահմանափակումներ:

ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության համաձայն՝ օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու եւ որեւէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ:

Առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասի ձեւակերպումը համահունչ դարձնել ՀՀ Սահմանադրության հիշյալ ձեւակերպմանը:

7. Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կուսակցության անվանման մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը կարող է օգտագործվել միայն այդ անձի, իսկ հանրահայտ ֆիզիկական անձի մահացած լինելու դեպքում` նրա ժառանգի գրավոր համաձայնությամբ: Եթե հանրահայտ անձը, իսկ նրա մահացած լինելու դեպքում նրա ժառանգը գտնում է, որ կուսակցության գործունեությունն ստվերում է այդ անձի հեղինակությունը, ապա կարող է կուսակցության անվանման մեջ անձի անունն օգտագործելու իրավունքից կուսակցությանը զրկելու պահանջով դիմել դատարան:Ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Այս ձեւակերպումից պարզ չէ, թե ինչպես է լուծվում խնդիրն այն դեպքում, երբ հանրահայտ ֆիզիկական անձն ունի երկու կամ ավելի ժառանգներ, առավել եւս՝ երբ նրանք հանրահայտ ֆիզիկական անձի անվանումն օգտագործելու հարցում ունեն տարաձայնություններ:

8. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կուսակցության խորհրդանշանը եւ այլ խորհրդանիշերը չեն կարող նույնական կամ շփոթելու աստիճան նման լինել Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության դրոշին կամ զինանշանին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ գործող կուսակցությունների ու հասարակական այլ միավորումների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված կազմակերպությունների կամ կուսակցությունների խորհրդանշաններին եւ այլ խորհրդանիշերին:

Պահպանված չէ «Կուսակցությունների մասին» ՀՀ գործող օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի այն դրույթը, որի համաձայն՝ արգելվում է այնպիսի խորհրդանշանի եւ այլ խորհրդանիշների օգտագործումը, որոնք խախտում են բարոյականության հանրաճանաչ նորմերը: Առաջարկում ենք Նախագծում կատարել համապատասխան լրացում:

9. Նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո 5 օրվա ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքները` դրանցում ընդգրկված կուսակցությունների) գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր:

Նշենք, որ այս դրույթը կրկնում է ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության դրույթը, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները:

10. Նախագծի 25-րդ հոդվածի 4-րդ մասի «չի թույլատրվում» բառերն առաջարկում ենք փոխարինել «չեն թույլատրվում» բառերով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:

11. Նախագծի 28-րդ հոդվածի 7-րդ մասում եւ 36-րդ հոդվածի 1-ին մասում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել՝ դարձնելով այն «Հայաստանի Հանրապետության»: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասից, որի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

12. Նախագծի 8-րդ գլուխը վերնագրված է «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» վերնագրով: Այդ գլխի միակ՝ 31-րդ հոդվածը վերնագրված է «Կուսակցությունների նկատմամբ վերահսկողության իրականացման մեխանիզմները» վերնագրով, իսկ հոդվածում խոսվում է կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության մասին: Ուստի, առաջարկում ենք 8-րդ գլխի եւ 31-րդ հոդվածի վերնագրերը փոփոխել այնպես, որ պարզ լինի, որ խոսքը կուսակցությունների ֆինասական գործունեության նկատմամբ վերահսկողության մասին է:

13. Նախագծի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կուսակցության գործունեության կասեցման կամ արգելման հարցով սույն օրենքով նախատեսված հիմքերով սահմանադրական դատարան կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այս դրույթն արտացոլում է ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունները, որոնք, սակայն, այս մասով ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, մինչդեռ Նախագիծն ուժի մեջ է մտնելու ավելի վաղ: Ուստի, առաջարկում ենք Նախագծիեզրափակիչ եւ անցումային դրույթներում նշում կատարել այն մասին, որ 32-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ մինչ այդ պահպանել «Կուսակցությունների մասին» ՀՀ գործող օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի ձեւակերպումը, որը ՍԴ դիմող սուբյեկտների շարքին է դասում նաեւ ՀՀ Նախագահին:

Նախագծի 33-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական լիազոր մարմինը Կառավարությանը անհապաղ տեղեկացնում է կուսակցության հիմնադրման կամ պետական գրանցման ժամանակ օրենքի այնպիսի խախտման մասին, որը եթե հայտնի լիներ պետական գրանցման պահին, կուսակցությունը չէր գրանցվի:

Առաջարկում ենք նախատեսել, որ այս երկու դեպքերում էլ համապատասխանաբար վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը եւ պետական լիազոր մարմինը տեղեկացնեն կուսակցության գործունեության կասեցման հարցով ՍԴ դիմելու իրավունք ունեցող բոլոր սուբյեկտներին՝ ՀՀ Նախագահին, ՀՀ ԱԺ-ին եւ ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջիններս կողմնորոշվեն իրենց այդ իրավունքի իրացման հարցում:

14. Նախագծի 33-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կուսակցության գործունեությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմամբ կասեցվում է: Կասեցման հիմքերը վերացնելու նպատակով Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանվում է ողջամիտ ժամկետ: Կուսակցության կողմից կասեցման հիմքերի վերացման վերաբերյալ ապացույցները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան: Կասեցման հիմքերը վերացված գնահատվելու դեպքում Սահմանադրական դատարանը կայացնում է որոշում՝ կուսակցության գործունեությունը վերսկսված համարելու մասին: Կասեցված հիմքերը վերացված չգնահատվելու դեպքում կասեցման հիմքերը վերացնելու նպատակով Սահմանադրական դատարանը կուսակցությանը տրամադրում է ողջամիտ ժամկետ:

Նախ՝ կարծում ենք, որ այս դրույթը պետք է տեղ գտնի ոչ թե «Կուսակցությունների մասին», այլ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում,բացի այդ՝ձեւակերպումից պարզ չէ, թե այս գործընթացն ինչպես է ավարտվում, քանի անգամ կուսակցությունն իրավունք ունի կասեցման հիմքերը վերացնել եւ դիմել ՍԴ եւ այլն:

15. Նախագծի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կուսակցության գործունեության արգելումը հիմք չէ այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար:

Առաջարկում ենք այս դրույթը տարածել նաեւ Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի ավագանու անդամների վրա:

16. Նախագծի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կուսակցության լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե: Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը»: Իսկ 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվել է կուսակցության գործունեությունը, կուսակցության նկատմամբ սկսվում է լուծարման գործընթաց»: Նշենք, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ գործող օրենքի համանման դրույթը (31-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը) ՀՀ սահմանադրական դատարանի 22.12.2006թ. ՍԴՈ-669 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 31-րդ (ներկայիս խմբագրությամբ՝ 60-րդ) հոդվածին հակասող եւ անվավեր:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին:

17. Նախագծի 37-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կուսակցությունները պարտավոր են իրենց տարածքային ստորաբաժանումները սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել հաշվառման, մինչդեռ Նախագծում այդպիսի կարգ առկա չէ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                               Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)