«14» հոկտեմբերի 2016թ. ԻՎ-ե-104
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1097-11.10.2016-ՊԻ-010/0)եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10971 -11.10.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածում, 5-րդ հոդվածի 2-րդ մասում , 7-8-րդ հոդվածներում, 9-րդ հոդվածի 1-ին մասում, 10-11-րդ հոդվածներում, 12-րդ հոդվածի 1-ին մասում, 13-րդ հոդվածի 1-2-րդ մասերում, 16-րդ, 19-20-րդ հոդվածներում, 21-րդ հոդվածի 5-րդ եւ 9-րդ մասերում, 23-րդ հոդվածում,««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ 3-րդ հոդվածի 1-ին մասում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով:
Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում, 5-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերում, 9-րդ հոդվածի 2-րդ մասում, 12-րդ հոդվածի 3-րդ մասում, 13-րդ հոդվածի 3-րդ մասում, 14-րդ հոդվածում, 18-րդ հոդվածի 2-րդ մասում, 21-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ եւ 12-րդ (առկա է երկու 12-րդ մաս, որոնցից երկրորդն անհրաժեշտ է դարձնել 13-րդ մաս) մասերում, 22-րդ հոդվածում, 24-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում եւ 25-րդ հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով:
Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում, 15-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում, 24-րդ հոդվածի 1-ին մասում եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել:
Նշված առաջարկություննեեւը բխում են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-3-րդ մասերից, որոնց համաձայն.
«2. Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`
1) բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու միջոցով.
2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.
3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.
4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:
Սույն մասի 4-րդ կետով սահմանված փոփոխություններն իրականացվում են իրավական ակտերի գործողության դադարեցման համար նախատեսված կարգով ու պայմաններով եւ առաջացնում են իրավաբանական ակտի գործողության դադարեցման համար նախատեսված համապատասխան հետեւանքներ:
3. Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով»:
2. Նախագծի 7-րդ հոդվածով խմբագրվող օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են պետական գրանցման հիմնական սկզբունքներից ու խնդիրներից բխող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ: Ստացվում է, որ անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներին օրենսդրությամբ (կառավարության որոշմամբ, վարչապետի որոշմամբ եւ այլն) կարող են վերապահվել լիազորություններ, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, որոնց համաձայն. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով »: Այդ առումով Նախագծի 7-րդ հոդվածով խմբագրվող օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում նշված «օրենսդրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով:
3. Նախագծի 16-րդ հոդվածով խմբագրվող՝ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերը տեքստից անհրաժեշտ է բաժանել միջակետով, ոչ թե փակագծով: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասից, որի համաձայն՝ հոդվածի ենթակետի՝ հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:
4. Նախագծի 16-րդ հոդվածով խմբագրվող՝ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ անձի վերաբերյալ տվյալները համարվում են նույնականացված, եթե դիմումի մեջ նշված են առնվազն ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) պարտադիր առկայություն, սակայն քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) եւ չի ստացել նույնականացման քարտ կամ ստացել է նույնականացման քարտ, որում հանրային ծառայությունների համարանիշը ամրագրված չէ, կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա բնակչության պետական ռեգիստր վարող մարմինը վերջինիս տրամադրում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, որի հիման վրա պետական մարմինները պաշտոնատար կամ իրավասու այլ անձինք ապահովում են քաղաքացու իրավունքների իրացումը»: Ստացվում է, որ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական անձի կողմից հանրային ծառայությունների համարանիշ ունենալը պարտադիր բնույթ չի կրում: Ավելին՝ ֆիզիկական անձը իրավունք ունի հրաժարվելու ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), որի դեպքում նրան տրամադրվում է համապատասխան տեղեկանք : Իսկ նշված տեղեկանքը հիմք է ֆիզիկական անձի իրավունքների իրացման համար: Ոստի հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է Նախագծի 16-րդ հոդվածով խմբագրվող՝ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետում լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը կամ սոցիալական ապահովության քարտ չստանալու վերաբերյալ տեղեկանքը» բառերը:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)